Երևանում ներկայացվեց «Ազգ» թերթի մանկական ներդիրը
Հինգշաբթի Երևանում ներկայացվեց «Ազգ» թերթի ներդիրի առաջին համարը, որը նախատեսված է երեխաների և դեռահասների համար։
Ինչպես շնորհանդեսի ժամանակ հայտնեց մանկական պարբերականի խմբագիր Սուսաննա Մարգարյանը, ներդիրը լույս է տեսնելու ամիսը մեկ անգամ որպես «Ազգ» օրաթերթի հավելված։
«Նախագծի նպատակն է պատրաստել պատանի լրագորղների, ինչպես նաև նրանց դաստիարակել որպես ապագա պրոֆեսիոնալներ։ Այս պարբերականը լավագույն միջոցն է հասարակությանը ներկայացնել երեխաների հիմնախնդիրները՝ նրանց իսկ լեզվով», - ասաց նա։
Առաջին համարում պատանի լրագրողները անդրադարձել են տարբեր թեմաների, այդ թվում՝ կրթությանը, բնապահպանությանը, առողջապահությանը, սպորտին, ինչպես նաև տրանսպորտի և տարադրամի փոխարժեքի խնդիրներին։
Խմբագիրն ավելացրեց, որ ներդիրի տպագրության մեջ աշխատելու համար մրցութային կարգով ընտրվել են 10-17 տարեկան 30 երեխաներ՝ Երևանի տարբեր դպրոցներից։
Երեխաների ընտրությունը «Ազգ» օրաթերթի աշխատակազմի կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ կատարվել է 60 երեխաների միջից, որոնք կիսվել են իրենց մտքերով «Ինչն է ինձ անհագնստացնում» թեմայով։
Իր հերթին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեղեկատվության և հաղորդակցության ծրագրի ղեկավար Էմիլ Սահակյանն ավելացրեց, որ այսօր երեխաների մասնակցությունը ԶԼՄ գործին շատ ցածր մակարդակի վրա է։
«Հայաստանում գործող մանկական ԶԼՄ-ները պատշաճ մակարդակով չեն լուսաաբնում երեխաների և երիտասարդության հիմնախնդիրները», - նշեց նա։
Սահակյանը կարևորեց մանկական պարբերականը որպես Հայաստանում հրապարակվող հայտնի թերթի հավելված լինելու փաստը։
«Ամեն օր թերթ կարդալով, քաղաքական և այլ հայտնի գործիչներ ուշադրություն կդարձնեն երեխաների նյութերի վրա, որտեղ կներկայացվեն նրանց արդիական հիմնախնդիրները», - ավելացրեց նա։
Միաժամանակ, ծրագրի ղեկավարն ավելացրեց, որ այս նախագիծն իր շարունակությունը կունենա առանձին ծավալային հրապարակության տեսքով։
Նրա խոսքերով, նմանատիպ ծրագրեր կանցկացվեն նաև Հայսատանի մարզերում։
«Ազգ» օրաթերթի մանկա-պատանեկան ներդիրը լույս է տեսել շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆինանսական աջակցության՝ մոտ 10 հազ. դոլարի չափով։ --0—