Ղարաբաղի նախագահական ընտրություններում Հայաստանի դիտորդական առաքելությունը կգլխավորի ԱԺ փոխխոսնակը
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հուլիսի 18-21-ը կայցելի Լեռնային Ղարաբաղ՝ դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԼՂՀ նախագահական ընտրությունների ժամանակ, որը նշանակված է հուլիսի 19-ին։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, յոթ անձից բաղկացած հայկական պատվիրակությունը կգլխավորի խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Զաքարյանը։
Պատվիրակության կազմում են՝ ՀՀԿ երկու ներկայացուցիչ (Գագիկ Մինասյան և Արեգ Ղուկասյան), ՀՅԴ խմբակցության երկու ներկայացուցիչ (Արմեն Ռուստամյան և Գագիկ Գևորգյան) և մեկական պատգամավոր ընդդիմությունից՝ «Օրինաց երկրից» և «Ժառանգությունից», համապատասխանաբար՝ Արտաշես Ավոյան և Լարիսա Ալավերդյան։
ԼՂՀ նախագահի պաշտոնին հավակնում է հինգ թեկնածու` Բակո Սահակյան՝ ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, Մասիս Մայիլյան՝ ԼՂՀ փոխարտգործնախարար, Արմեն Աբգարյան՝ ԱԺ պատգամավոր, Վանիկ Ավանեսյան՝ Արցախի պետական համալսարանի դասախոս, ինչպես նաև՝ ԼՂՀ Կոմկուսի ղեկավար Հրանտ Մելքումյան:--0—