Ադրբեջանը սպառնում է ոչնչացնել Մեծամորի ատոմակայանը. Բադասյանը դիմել է միջազգային հանրությանը
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Մեծամորի ատոմակայանը ոչնչացնելու մասին Ադրբեջանի սպառնալիքների վրա:
«Ադրբեջանը սպառնում է ոչնչացնել Մեծամորի ատոմակայանը: Կարծում եմ՝ սա պետք է մտահոգիչ լինի ինչպես ամբողջ տարածաշրջանի, այնպես էլ միջազգային հանրության համար»,- գրել է նա Facebook-յան էջում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով: Այդ հայտարարությունը հուլիսի 16-ին կայացած ասուլիսում արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին:
«Հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»,- նշել է Դարգյախլին:
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին
Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կատարում: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:
Հակառակորդը հրետակոծում է հայկական հենակետերը, նաև թիրախավորում բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:
Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տալիս պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշում հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:
Հուլիսի 16-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որը թեժ մարտից հետո կանխվել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից և թշնամին, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Դրան հաջորդել է Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը ՝ ականանետի և Դ-30 հաուբիցի կիրառմամբ: ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր:
Հուլիսի 14-ի դրությամբ, ՊՆ տվյալներով, հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որից այս պահին դրությամբ բուժում է ստանում 10-ը, մեկի դրությունը գնահատվում է ծայրահեղ ծանր: Հակառակորդի կրակոցից զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան, հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 11 զոհ:
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կառույցներ: ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանինի սրման հետ կապված և կրակը դադարեցնելու կոչ արել: -0-

