Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը, բայց նաև ողջունում է կողմերի անկախ քայլերը ․ Պեսկովը պատասխանել է Ալեն Սիմոնյանին
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը, բայց նաև ողջունում է կողմերի անկախ քայլերը։ Այսպես ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը։
Սիմոնյանն ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստանը հակված չէ ընդունել Ռուսաստանի միջնորդությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում անցյալի վատ փորձի պատճառով։
«Երևանից տարբեր մակարդակներում մենք լսել ենք հայտարարություններ, որ, ըստ էության, միջնորդների կարիք չկա։ Եվ՛ Երևանը, և՛ Բաքուն արդեն իրենք ի վիճակի են շարունակել բանակցությունները մինչև այս գործընթացի ավարտը, մենք կողջունենք նրանց անկախ ջանքերը», – Պեսկովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ–ը։
Կրեմլի խոսնակն ընդգծել է Մոսկվայի դիրքորոշումը. «Գլխավորն այն է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը մնա կանխատեսելի, խաղաղ, և այն իսկապես վերածվի բարգավաճման և համագործակցության տարածքի»։

