«Իրենց միջնորդության օրինակները մեր մաշկի, երեխաների վրա զգացել ենք»․ Սիմոնյանը՝ ՀՀ–ի կողմից ռուսական հնարավոր միջնորդության ընդունման մասին

11.02.2025, 13:46
«Գալ, ամեն հարյուր տարին մեկ ՀՀ-ին պաշտպանելու կարգախոսով և մեծ շահերի համար մեր էրեխեքին մանրադրամ սարքելը, հետո բարի դեմքով գալ, ասել՝ եկել ենք՝ մենք ձեզ փրկելու, իմ համար անընդունելի է», – ասել է Սիմոնյանը
«Իրենց միջնորդության օրինակները մեր մաշկի, երեխաների վրա զգացել ենք»․ Սիմոնյանը՝ ՀՀ–ի կողմից ռուսական հնարավոր միջնորդության ընդունման մասին

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների հարցում միջնորդության ռուսական հնարավոր առաջարկի ընդունումը Հայաստանի կողմից քիչ հավանական է, հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Բայց մենք պատրաստ ենք առաջարկներ քննարկել, սակայն անցյալի փորձը մեզ շատ վատ հիշողություններ է թողել։ Հայաստանն ունի հարցեր, որոնց պատասխանները դեռ չեն տրվել։ Որպես օրինակ Սիմոնյանը բերել է ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման արձագանքը ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ հայ-ռուսական պայմանագրի շրջանակում», – ասաց նա այսօր ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով, Ռուսաստանը պետք է գոնե քայլեր ձեռնարկեր, բայց Հայաստանը նույնիսկ քաղաքական գնահատական​​չստացավ։

«Մեզ միայն ասացին, որ պարզ չէ, թե որտեղ է սահմանը։ Այս պայմաններում հայկական կողմը կարող է թերահավատորեն վերաբերվել ռուսական միջնորդության հեռանկարներին։ Մենք իրենց միջնորդության օրինակները մեր մաշկի, մեր մարմնի, մեր երեխաների վրա զգացել ենք։ Այդ ցավը դեռ չի անցել։ Իրենք պետք է ահռելի ջանքեր դնեն։ Իմ մասին չէ խոսքը, մեր իշխանության մասին չէ խոսքը, որ ՀՀ ժողովրդին համոզեն իրենց անկեղծության մեջ։ Գալ, ամեն հարյուր տարին մեկ ՀՀ-ին պաշտպանելու կարգախոսով և մեծ շահերի համար մեր էրեխեքին մանրադրամ սարքելը, հետո բարի դեմքով գալ, ասել՝ եկել ենք՝ մենք ձեզ փրկելու, իմ համար անընդունելի է», – ասաց նա։