Փաշինյան․ գտնվել է լուծում, թե ինչպես վերաբացել երկաթուղային հաղորդակցությունը, որ լիարժեք ընդունելի լինի թե՛ ՀՀ–ի, թե՛ Ադրբեջանի համար

19.12.2024, 21:04
Փաշինյանը հայտարարել է, որ գտնվել է լուծում, թե ինչպես վերաբացել երկաթուղային հաղորդակցությունը, որ լիարժեք ընդունելի լինի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար
Փաշինյան․ գտնվել է լուծում, թե ինչպես վերաբացել երկաթուղային հաղորդակցությունը, որ լիարժեք ընդունելի լինի թե՛ ՀՀ–ի, թե՛ Ադրբեջանի համար

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գտնվել է լուծում, թե ինչպես վերաբացել երկաթուղային հաղորդակցությունը, որ լիարժեք ընդունելի լինի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար:

«Եվ այդ լուծման առաջարկը գրավոր ձևով փոխանցել ենք Ադրբեջանին ու սպասում ենք նրանց դրական արձագանքին: Երբ այդ արձագանքը լինի, անհրաժեշտ կլինի արագ պայմանագիր ստորագրել և անցնել երկաթուղու կառուցմանը», – հայտարարել է նա՝ «Արմենպրես»–ին տված հարցազրույցում պատասխանելով տարածաշրջանային կոմունիկացիաների մասին հարցին այն բանի ֆոնին, Ադրբեջանը շարունակում է զարգացնել իր հեղինակած միջանցքային տրամաբանությունը: 

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագծի մասին 

Ադրբեջանն ու Թուրքիան խրախուսում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագիծը, որը Նախիջևանը կկապի Ադրբեջանի հիմնական հատվածին՝ անցնելով Հայաստանի տարածքով Սյունիքի մարզում:

Այնտեղ նախատեսվում է կառուցել ճանապարհ և երկաթուղի։ Այս «միջանցքի» հնարավոր արտատարածքային կարգավիճակի մասին լուրերը պարբերաբար շրջանառվում են ԶԼՄ-ներում։ Սակայն Հայաստանի իշխանությունները բազմիցս մերժել են «միջանցքային տրամաբանության» շրջանակում բանակցությունների հնարավորությունը և պնդում են հարգել այն երկրի ինքնիշխանությունն ու իրավասությունը, որի տարածքով անցնելու են հաղորդակցությունները։