Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով

13.07.2023, 11:08
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին։

«Այսօր զրուցել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ վերահաստատելու համար ԱՄՆ-ի ամուր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու շարունակական ջանքերին: ԱՄՆ–ն հետամուտ է այդ քննարկումների աջակցությանը», – գրել է ԱՄՆ պետքարտուղարը Twitter–ի իր էջում։

Պետդեպարտամենտի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության համաձայն՝ Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների անվճար երթևեկության անհրաժեշտությունը։ Ալիևի հետ զրույցում պետքարտուղարն ընդգծել է, որ երկու կողմերն էլ պետք է պահպանեն դրական դինամիկան կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու բանակցություններում։

Նշենք, որ մեկ օր առաջ Բլինքենը նույն հարցը քննարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վերահաստատելով նաև իր ամուր աջակցությունը Ադրբեջանի հետ շարունակվող խաղաղության ջանքերին։ «Ուղիղ երկխոսությունը և դիվանագիտությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության միակ ուղին են, և ես նախկինի պես պատրաստ եմ նպաստել դրան», - գրել էր նա այն ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 21-ին Բրյուսելում նախատեսվում են Փաշինյանի և Ալիևի բանակցությունները։ Սակայն նախօրեին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չէր բացառել, որ հանդիպումը կկայանա ավելի շուտ։–0–