Խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ ԼՂՀ–ն հետամուտ է ժողովրդավարական զարգացմանը. պատգամավոր

12.05.2015, 18:59
Մայիսի 3–ին ԼՂՀ–ում անցկացված խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ ԼՂՀ–ն հետամուտ է զարգացման ժողովրդավարական ուղուն, երեքշաբթի ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը։
Խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ ԼՂՀ–ն հետամուտ է ժողովրդավարական զարգացմանը. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի 3–ին ԼՂՀ–ում անցկացված խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ ԼՂՀ–ն հետամուտ է զարգացման ժողովրդավարական ուղուն, երեքշաբթի «Լեռնային Ղարաբաղ. ընտրություններ հրադադարի պայմաններում» թեմայով կազմակերպված կլոր սեղանի ընթացքում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը։

ԼՂՀ ԿԸՀ–ն մայիսի 11–ին ամփոփել է մայիսի 3–ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ ԿԸՀ տվյալների` համամասնական համակարգով մանդատ են ստացել «Ազատ հայրենիք» կուսակցությունը` 11 մանդատ, Արցախի դեմոկրատական կուսակցությունը` 4 մանդատ,  ՀՅԴ Դաշնակցությունը` 4 մանդատ, «Շարժում-88»-ը` 2 մանդատ, «Ազգային վերածնունդ»  կուսակցությունը`1 մանդատ։

«Բոլորս գիտենք, որ 1994 թ.–ին ղարաբաղյան պատերազմը չի ավարտվել, և ԼՂՀ–ն փաստորեն գտնվում է պատերազմական պայմաններում։ Ղարաբաղի իշխանությունները կարող էին հեշտությամբ օգտվել ռազմական դրության մասին օրենքից և չկազմակերպել որևէ ընտրություն, սակայն ԼՂՀ–ում արդեն 6–րդ անգամ կազմակերպվել են նախագահական և խորհրդարանական ընտրություններ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, քանի որ արցախցիները որոշել են քայլել ժողովրդական զարգացման ճանապարհով», – ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով` ընտրությունները թափանցիկ էին, բաց և լեգիտիմ։

«Հայաստանը դեռ շատ բան ունի սովորելու Լեռնային Ղարաբաղից։ Մենք պետք է ղարաբաղցիներից սովորենք նաև նախընտրական արշավների կուլտուրան։ Այո, եղել է ընդդիմադիր հռետորաբանություն, սակայն այդ ամենը եղել է առանց անձնական վիրավորանքների», – ավելացրեց նա։

Պատգամավորի խոսքով` ընտրությունների լավագույն գնահատականը աշխարհի 25 երկրներից ժամանած 110 դիտորդների միաձայն կարծիքն էր, որը սովորաբար տարբերվում է։

«Եվրոպայից, ԱՄՆ–ից, ԱՊՀ–ից և մյուս երկրներից ժամանած բոլոր դիտորդները միաձայն հայտարարեցին, որ ընտրությունները թափանցիկ էին։ Կարծում եմ, որ ավելի լավ գնահատական չի կարող լինել», – ընդգծեց նա։

Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանն իր հերթին նշեց, որ կայացած ընտրությունների գլխավոր առանձնահատկություններից մեկը մրցունակությունն է։

«Ընտրություններին մասնակցել են աննախադեպ թվով կուսակցություններ։ Մասնակցող յոթ կուսակցություններից հինգն անցան խորհրդարան։ Ընդ որում, մրցակցությունն ընթանում էր ինչպես իշխանական և ընդդիմադիր դաշինքների միջև, այնպես էլ` նրանց ներսում։ Այս ամենը բացատրվում է 2017թ.–ին նախատեսված նախագահական ընտրություններով, արդեն այսօր երևում են առաջնորդները նախագահական արշավի համար», – ասաց նա։

Մայիլյանի կարծիքով` ընտրությունների առանձնահատկություններից էր նաև այն փաստը, որ ընտրությունների բոլոր մասնակիցներն ընդունեցին արդյունքները։

«Կուսակցություններից ոչ մեկը չի դիմել դատարան, չի բողոքարկել արդյունքներն ու ձայների վերահաշվարկ չի պահանջել», – ընդգծեց նա։

ԼՂՀ խորհրդարանն ունի 33 պատգամավոր, 22 տեղ տրամադրվում է համամասնական, 11 տեղ` մեծամասնական համակարգերով ընտրված պատգամավորներին։

«Լեռնային Ղարաբաղ. ընտրություններ հրադադարի պայմաններում» թեմայով կլոր սեղանը կազմակերպել են Կովկասի ինստիտուտն ու Կովկասի շվեյցարական ակադեմիական ցանցը  (ASCN)։ –0–