Ղարաբաղի Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարը մասնակցել է Մոսկվայում կայացած համառուսական կոնֆերանսին
ԼՂՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Խաչատրյանը մասնակցել է Մոսկվայում դեկտեմբերի 6-8-ը կայացած «Կադաստրային աշխատանքների իրականացման կազմակերպումը, տեխոնոլգիաներ և փորձ» թեմայով համառուսական 15-րդ կոնֆերանսին, հաղորդում է Ղարաբաղի հանրային հեռուստաընկերությունը:
Խաչատրյանը միջոցառման ժամանակ հանդես է եկել զեկույցով որին ավելի քան 300 մարդ է մասնակցել: Զեկույցի մեջ նա ներկայացրել է Ղարաբաղի անշարժ գույքի կադաստրի համակարգի գործունեության հիմնական ուղղությունները, ԼՂՀ-ի անշարժ գույքի կադաստրի կայացման փուլերն ու համակարգի ձեռքբերումները:
«Նման ներկայացուցչական կոնֆերանսին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն առաջին հերթին լուրջ հաջողություն է մեր պետության, մասնավորապես՝ մեր համակարգի համար, որը լուրջ հնարավորություններ է ստեղծում՝ ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի համակարգի հեռանկարանային զարգացման, մեր ձեռբերումների ներկայացման, ինչպես նաև տարածաշրջանի փորձը օգտագործելու համար», - նշել է Խաչատրյանը:
ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարը տեղեկացրել է, որ ռուսական մի քանի ընկերությունների հետ արդեն մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման, նոր տեխնոլոգիաների ներդման նպատակով, և այդ ընկերությունների հետ բավականին սերտ կապեր են հաստատվել:
Խաչատրյանը հույս է հայտնել, որ ապագայում կհաջողվի իրականացնել ծրագրված բոլոր նախագծերը: Կոֆերանսի մասնակիցներին տրամադրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ատլասը:-0-

