Ֆասիեն իրադարձություն է համարում Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գիծը հատելու փաստը

08.09.2010, 19:32
Ֆասիեն իրադարձություն է համարում Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գիծը հատելու փաստը
Ֆասիեն իրադարձություն է համարում Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գիծը հատելու փաստը

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն իրադարձություն է համարում Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գիծն այսօր հատելու փաստը։ 

«Մենք Լեռնային Ղարաբաղ ենք ժամանել հենց Բաքվից՝ հատելով շփման գիծը, և ինչպես գիտեք, սա առաջին դեպքն է վերջին ինը տարվա ընթացքում»,- չորեքշաբթի Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Ֆասիեն։ 

ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը հայտարարեց, որ շփման գծի հատումն արդեն ինքնին իրադարձություն է։   

«Ինչ վերաբերում է մեր զրույցների բովանդակությանը, ապա չեմ կարող ձեզ հետ կիսել մեր տպավորությունները։ Վաղը մենք Երևանում կլինենք, պետք է հանդիպում ունենանք նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, այդ հանդիպումներից հետո մամուլի հաղորդագրություններ կտարածվեն այցի արդյունքների վերաբերյալ»,- նշեց Ֆասիեն։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-