Ղարաբաղում քաղաքաշինության ոլորտում տիրող իրավիճակը հեռու է գոհացուցիչ լինելուց. վարչապետ

03.06.2008, 14:16
Ղարաբաղում քաղաքաշինության ոլորտում տիրող իրավիճակը հեռու է գոհացուցիչ լինելուց. վարչապետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ քաղաքաշինության ոլորտում տիրող ընդհանուր պատկերը հեռու է գոհացուցիչ լինելուց, երեքշաբթի հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը՝ քաղաքաշինության նախարարության աշխատակազմին ներկայացնելով նախարարության նոր ղեկավար Անահիտ Վարդանյանին։

Ղարաբաղի նախագահի հրամանագրի համաձայն՝ Վարդանյանը այդ պաշտոնում փոխարինել է Ալեքսանդր Մամունցին։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է կատարել հանրապետության նախագահի՝ տվյալ բնագավառին առնչվող նախանշումները՝ հասնել աշխատանքների բարձր տեմպերի, նոր որակ հաղորդել շինարարությանը, ինչպես նաև հարկ է հաջողությամբ կյանքի կոչել հանրապետության բնակչության համար այնպիսի կենսական ծրագրեր, ինչպիսիք են բնակարանաշինությունը և ջրամատակարարումը։

Վարչապետը նախարարության աշխատակազմից պահանջել է համախմբված աշխատել նոր նախարարի հետ, շինարարությունը դարձնել արցախյան տնտեսության առաջատար ճյուղ։

Միաժամանակ նա հայտնել է, որ նախարարությունում կլինեն նոր փոփոխություններ՝ թե կառուցվածքային, թե կադրային՝ առկա ներուժը լիովին օգտագործելու նպատակով։ «Ես հաճախ կհանդիպեմ ձեզ հետ, կձգտենք համատեղ լուծել քաղաքաշինական խնդիրները», - ասել է Հարությունյանը։-0-