Հայաստանի աջակցության դեպքում Ղարաբաղը կարող է դառնալ բանակցությունների կողմ. քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի աջակցության դեպքում Լեռնային Ղարաբաղը կարող է վերսկսել իր մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում, կարծում է հայ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։
«Ղարաբաղը հակամարտության անմիջական կողմն է, իսկ Հայաստանը դրանում արհեստականորեն ներգրավված կողմն է», - ասաց լրագրողներին Մելիք-Շահնազարյանը։
Նրա խոսքերով, Հայաստանը պետք է պաշտպանի Ղարաբաղի շահերը և զբաղեցնի բարեկամ և եղբայր հարևան պետության դիրքը, ինչպես դա անում է Թուրքիան Ադրբեջանի նկատմամբ։
«Ղարաբաղը բանակցությունների կողմ էր մինչև 1996 թ.-ը և յուրաքանչյուր որոշման վրա վետոյի իրավունք ուներ, և անհրաժեշտ է նորից վերադառնալ դրան», - ասաց Մելիք-Շահնազարյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

