Բակո Սահակյանը կարևորել է Ռուսաստանում ապրող հայրենակիցների հետ Արցախի կապերի խորացման անհրաժեշտությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Բակո Սահակյանն ընդգծել է Ռուսաստանում և հետխորհրդային տարածաշրջանում ապրող հայրենակիցների հետ Արցախի կապերի խորացման և դրանց նոր որակ հաղորդելու կարևորությունը՝ Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի ու ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։
«Նախագահը, մասնավորապես, ասել է, որ նրանց հետ կապը չպետք է սահմանափակվի զուտ նյութական օգնության տրամադրմամբ, այլ Արցախի կյանքում մեր հայրենակիցների ակտիվ մասնակցությամբ»,-ասված է «Նովոստի-Արմենիային» փոխանցած ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրությունում:
Այս համատեքստում երկրի ղեկավարը նշել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների միջև սերտ համագործակցության, ինչպես նաև նման հանդիպումներին թե Ռուսաստանում, թե Արցախում պարբերական բնույթ հաղորդելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակի, բանակցային գործընթացի, սփյուռքի հետ կապերի ընդլայնմանն առնչվող բազմաթիվ հարցեր։--0--