ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիայնը այսօր՝ հոկտեմբերի 23-ին ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է օպերատիվ իրավիճակը Արցախյան ռազմաճակատում։
Загружается новость ... "Лево"
«Այսօր՝ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները ռազմաճակատի տարբեր ուղղություններով: Բացի ռազմաճակատում տիրող մարտական գործողություններից՝ նաև օրվա ընթացքում հրթիռակոծվել են Արցախի տարբեր բնակավայրեր, այդ թվում՝ Մարտակերտ քաղաքը՝ հարակից բնակավայրերով, և Բերձոր քաղաքը՝ հարակից բնակավայրերով: Երեք արկ ընկել է Բերձորի տարածաշրջան»,- նշել է Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը հայտնել է, որ օրվա ընթացքում հատկապես թեժ են եղել կենտրոնականից հարավ ընկնող (ինչպես երեկ արդեն հայտնել էինք) Շեխեր, Ջիվանիկ և հարակից գյուղերում դիվերսիոն ներթափանցման գործողություններ իրականացրած ադրբեջանական հրոսակախմբերի և դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները։
«Այս ուղղությամբ կոնկրետ կան հստակ հաջողություններ, մասնավորապես` գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրն իր հարակից անտառներով, որոշ տեղերում, որոշ բնակավայրերի հարակից անտառներում դեռ չեզոքացման աշխատանքները շարունակվում են»,- հայտնել է Հովհաննիսյանը։
Ինչպես հայտնել է ՊՆ ներկայացուցիչը, այսօր՝ նույն ժամանակ, հարավային ուղղությամբ գրեթե ողջ օրը ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, հարձակման մի քանի փորձեր տապալվել են, որից հետո, զգալի կորուստներ կրելով, հետ են շպրտվել:
«Որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են, և, կորցնելով զրահատեխնիկան՝ դիմել են փախուստի և փորձել են պատսպարվել մոտակա ձորակներում և անտառներում: Բերձորից հարավ՝ կոնկրետ ուղղությունը դեպի Հակարի գետով հյուսիս, հետ է մղվել դեպի էլ ավելի հարավ մեր զինված ուժերի հարձակումների ազդեցության տակ»,- նշել է նա։
Հովհաննիսյանի խոսքով, ընդհանուր առմամբ, լարվածությունը պահպանվում է: Հիմնական մարտերն ընթանում են օջախային, հստակ բնագծեր չկան այս ուղղությամբ: Նա ընդգծել է, որ տարբեր ճանապարհների, գետերի, հանգույցների շուրջ հակառակորդը փորձում է հարձակումներ իրականացնել, որոնք մեր զինված ուժերը չեզոքացնում են:
«Մեր հաջողությունները հաստատուն են, պատերազմը լարված է, ծանր է: Շատ հաճախ լինում են իրավիճակներ, որ, ոմանց ընկալմամբ, տեղային փոքր տեղեկությունների հիման վրա, թվում են անելանելի: Սակայն, այդպես չէ: Մեր զինված ուժերը լիովին տիրապետում են իրավիճակին և հակառակորդին տարբեր ուղղություններով, տարբեր հատվածներում, չնայած նրան, որ հակառակորդը որոշ տեղերում ունի առաջխաղացումներ, հասցնում են կործանարար հարվածներ: Մարտական գործողությունները շարունակվում են գիշեր թե ցերեկ»,- նշել է Հովհաննիսյանը։ -0-