Ֆրանսիայի նախագահը խորհրդակցություններ կանցկացնի Հայաստանի ներկայացուցիչների հետ Արցախի մասին հայտարարության հարցով. դեսպան

12.11.2020, 14:24
Ֆրանսիայի նախագահը խորհրդակցություններ կանցկացնի Հայաստանի ներկայացուցիչների հետ Արցախի մասին հայտարարության հարցով
Ֆրանսիայի նախագահը խորհրդակցություններ կանցկացնի Հայաստանի ներկայացուցիչների հետ Արցախի մասին հայտարարության հարցով. դեսպան
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խորհրդակցություններ կանցկացնի Հայաստանի ներկայացուցիչների հետ Արցախի մասին ստորագրված եռակողմ հայտարարության հարցով, հինգշաբթի ասաց ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը բողոքի ակցիայի մասնակիցներին։

Նշենք, որ Հադրութի կանայք ակցիա են կազմակերպել Երևանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանատների առաջ։ Նրանք պահանջում են Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ–ի դեսպանատներին ընդունել իրենց նամակները, որոնց մեջ պահանջում են, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը ապաօկուպացնի Հադրութը, այն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում։ Նրանք պահանջում են խմբագրել փաստաթուղթն ու հանել Հադրութն այն տարածքների ցանկից, որոնք փոխանցվում են Ադրբեջանին։

«Այսօր երեկոյան նախագահ Մակրոնը կհանդիպի Հայաստանի ներկայացուցիչների հետ քննարկումներ անցկացնելու համար։ Մենք չենք ստորագրել համաձայնագիրը, սակայն Մակրոնը հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում, պետք է ներկայացնի Հայաստանի շահերը», – ասաց Լաքոթը, ով անձամբ բացեց դեսպանատան դարպասները ակցիայի մասնակիցների առաջ։

Նրա խոսքով, Ֆրանսիան ուսումնասիրում է բոլոր հնարավորությունները, ոոնք թույլ կտան խաղաղություն հաստատել տարածաշրջանում և պաշտպանել հայերի, հատկապես` արցախահայերի իրավունքները, որոնք տուժել են հակամարտության ընթացքում և հիմա գտնվում են Հայաստանում։

Նա նշեց, որ Ֆրանսիայի դեսպանատունը միշտ բաց է քաղաքացիների համար, և այն, ինչ հիմա տեղի է ունենում Հադրութում և ընդհանուր առմամբ Արցախի շուրջ, ստեղծում է շատ լարված իրավիճակ։

«Հադրութն ամենից շատ տուժած տարածքներից է, մենք գիտենք, որ Հադրութի ժողովուրդն ամենից շատն է տուժել, իրավիճակը Հայաստանում ևս շատ բարդ է, շատ հարցեր են առաջացել հայտարարության ստորագրումից հետո։ Մենք ևս շատ հարցեր ունենք, քանի որ մենք ևս չենք ստորագրել այդ հայտարարությունը», – ասաց Լաքոթը։

Նա ընդգծեց, որ Ֆրանսիայի առաջնահերթությունների թվում է աջակցել այս հարցում տուժած մարդկանց, այդ թվում` հումանիտար աջակցության միջոցով։

«Մենք պատրաստ ենք տրամադրել հումանիտար օգնություն, քանի որ գիտենք դժվարությունների մասին, որոնց հետ բախվել են ընտանիքները, կանայք, որոնք ամեն ինչ կորցրել են։ Այսօր Փարիզում նախագահ Մակրոնը հանդիպում կկազմակերպի հայկական ոչ կառավարական կազմակերպությունների հետ, հումանիտար կազմակերպությունների հետ, որպեսզի որոշի Ֆրանսիայի կողմից հատկացվող հումանիտար աջակցության փաթեթը, որը նախատեսված է հենց Հայաստանի համար», – ասաց Լաքոթը։–0–