ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հադրութի կանայք այս րոպեներին ակցիա են կազմակերպել Երևանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանատների առաջ։
Նրանք նամակներ են հանձնել Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների ներկայացուցիչներին, ինչպես նաև նախատեսում են նամակ հանձնել նաև ԱՄՆ դեսպանատանը, ինչից հետո հանդիպել Հայաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի հետ։
Հադրութի կանայք հայտարարել են, որ Հադրութը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, միշտ եղել է Արցախի կազմում, իսկ հիմա քաղաքացիների իրավունքները խախտված են, նրանց վտարում են իրենց տներից, և նրանք ուզում են պաշտպանել իրենց ունեցվածքն ու իրավունքները, ապրելու իրավունքը, պահպանել այն ամենն, ինչ ստեղծվել է տարիների ընթացքում։
Նրանք նշել են, որ Հադրութի բազմաթիվ բնակիչներ չեն կարողացել իրենց հետ վերցնել ոչ միայն ունեցվածքը, այլ անգամ փաստաթղթերը։
Դեսպանատներին հանձնած իրենց նամակում նրանք պահանջում են, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը ապաօկուպացնի Հադրութը, այն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում։
Նրանք պահանջում են խմբագրել փաստաթուղթն ու հանել Հադրութն այն տարածքների ցանկից, որոնք փոխանցվում են Ադրբեջանին։
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ պատրաստ են վերադառնալ իրենց հայրենիք և շարունակել ապրել իրենց հողի վրա։ Նրանք վանկարկում են «Հադրութն Արցախի Հանրապետություն է», «Վերադարձրեք Հադրութը», «Վերադարձրեք մեր տունը»։–0–