Դավիթ Բաբայանը գրություններ է ուղարկել միջազգային կազմակերպություններ և օտարերկրյա դեսպանատներ Ադրբեջանի սանձարձակ գործողությունները կասեցնելու համար

15.12.2022, 18:46
Արցախի ԱԳ նախարարի  ժամանակավոր պաշտոնակատարը գրություններ է ուղարկել միջազգային կազմակերպություններ և օտարերկրյա դեսպանատներ Ադրբեջանի սանձարձակ գործողությունները կասեցնելու համար
Դավիթ Բաբայանը գրություններ է ուղարկել միջազգային կազմակերպություններ և օտարերկրյա դեսպանատներ Ադրբեջանի սանձարձակ գործողությունները կասեցնելու համար
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը գրություններ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան` Անդրեա Վիկտորինին, ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Քրիստինե Վայգանդին, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիական Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Հունաստանի Հանրապետության, Ավստրալիական Միության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության դեսպաններին և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների։

Նամակներում ներկայացվել է Արցախում ստեղծված իրավիճակը Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը փակելու և Հայաստանից Արցախ բնական գազի մատակարարումն ընդհատելու պատճառով։

Փաստաթղթերում Ադրբեջանի քաղաքականությունն ու գործողությունները որակվել են որպես միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի և Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում։

Կոչ է արվել կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու, սանձարձակ գործողությունները կասեցնելու և Արցախը ապաշրջափակելու համար։

Ընդգծվել է Ադրբեջանի պահվածքին անհրաժեշտ գնահատական տալու անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով Արցախի Հանրապետությունը հայտնվել է շրջափակման մեջ է և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։ Դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, իբր բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը: Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի գազամատակարարումը:-0-