«2023–ին զոհ չեն ունեցել Ղարաբաղում, 10 հոգի մարդ էր․․․»․ Խաչատուր Սուքիասյանի սկանդալային հայտարարությունը վրդովմունքի բուռն ալիք է բարձրացրել
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նախօրեին լրագրողի հետ զրույցում հայտարարել է, որ Ղարաբաղում 2023թ․–ին զոհ չի եղել։
Սուքիասյանի այս հայտարարությունը վրդովմունքի բուռն ալիք է բարձրացրել հասարակության շրջանում։
«Զոհ չեն ունեցել Ղարաբաղում 2023թ․–ին, սուտ եք խոսում։ 10 հոգի մարդ ա․․․եթե բենզինի տրաքելուց ա, դա ուրիշ բան ա։ Զոհ չեն ունեցել, էտ սկզբի կռիվն ա եղել, մի քանի հոգի մարդ ա զոհվել», – ասել է Սուքիասյանը։
Լրագրողի հարցին ի պատասխան՝ Սուքիասյանը նշել է, որ այդ օրերին արցախցիները չեն կռվել։
Ավելի ուշ Սուքիասյանը հայտարարություն է տարածել՝ ներողություն խնդրելով 2023թ․–ին Արցախում զոհերի սխալ թիվ նշելու համար։
«Այսօրվա իմ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսային, սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10 զոհի մասին։ Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ որևէ միտում չի եղել։ Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջև», – նշել է Սուքիասյանը։
Արցախի իշխանություններն, արձագանքելով Սուքիասյանի խոսքերին, նշել են, որ վերջինիս հայտարարությունը պարունակում է արցախցիների նկատմամբ ատելության, ներազգային պառակտման տարրեր։
«ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ապրիլի 17-ին լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, թե արցախցիները 2023 թվականին չեն կռվել: Ընդ որում, իշխանական պատգամավորը ոչ միայն սեփական թյուր կարծիքն է արտահայտել Արցախի ժողովրդի պայքարի վերաբերյալ, այլև արդարացրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից նախկինում արված հայտարարությունը, թե արցախցիները պետք է մնային և կռվեին»,– նշվում է հայտարարության մեջ։
Այս հայտարարությամբ Սուքիասյանը հերթական հոգեբանական ահաբեկչությանն է ենթարկել 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիան հերոսաբար դիմակայած զինծառայողներին և կամավորներին, զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների հարազատներին:
«Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը, որը պարունակում է արցախցիների նկատմամբ ատելության, ներազգային պառակտման տարրեր: Ստիպված ենք կրկին հիշեցնել, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 քաղաքացի: Փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին…», – նշվում է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարության մեջ։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով, իշխանության հակարցախյան հռետորաբանության հիմքում Ադրբեջանին «ընծա» մատուցելն է։
«Վերջին օրերին արցախցիների ու, առհասարակ, հայության տարբեր խմբերի նկատմամբ ատելություն գեներացնող իշխանության քայլերը տարբեր դրդապատճառների ներքո քննարկվեցին», – գրել է Աբրահամյանը Facebook-յան իր էջում։
Նրա կարծիքով, այս փուլում, իշխանության հակարցախյան հռետորաբանության հիմքում Ադրբեջանին «ընծա» մատուցելն է, որի վերջին արարը, միգուցե, դառնա Արցախի ներկայացուցչության փակումը (2023-ի սեպտեմբերից հետո դրա շանտաժն անընդհատ հնչում է):
«Այդ քայլը միայն խորհրդանշական նշանակություն կունենա, որովհետև եթե նպատակ լինի Արցախի պետական ինստիտուտները պահպանել, ապա դա կարելի է կազմակերպել նաև այլ տարածքներում: Սակայն այս պահին, իշխանությունը որպես զիջում փորձում է Ադրբեջանին ծախել իր կոշտ դիրքորոշումն Արցախի ու արցախցիների ապագայի նկատմամբ` Ադրբեջանից ակնկալելով բարեհաճ վերաբերմունք», – նշել է Աբրահամյանը։

