ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ լրջորեն պայմանավորվել դժվար թե կստացվի, քանի դեռ Հայաստանի քաղաքական իրավիճակը չի կայունացել, կարծում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ձեռք բերված պայմանավորվածությունը (Դուշանբեում վարչապետի պաշտոնակատարի և Ադրբեջանի նախագահի հանդիպման ընթացքում) կայանում է նրանում, որ կապերը հարկավոր է շարունակել, որ արտգործնախարարները կշարունակեն հանդիպել և, իհարկե, և Հայաստանը, և Ադրբեջանը պատրաստ են աշխատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։ Մենք նման պայմանավորվածությունը ողջունում ենք», – ասել է Լավրովը Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Հասկանում ենք, որ քանի դեռ ներքաղաքական բուռն գործընթացներն ավարտված չեն, դժվար թե հնարավոր կլինի լրջորեն դիտարկել այս ճգնաժամից դուրս գալու կոնկրետ տարբերակները և ղարաբաղյան հակամարտության լիարժեք կարգավորումը», – ավելացրել է նա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական տվեց` խորհրդարանի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով: Նոյեմբերի 1-ի արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ անգամ չընտրեցին վարչապետ, և, Սահմանադրությանը համապատասխան, խորհրդարանն արձակվեց իրավունքի ուժով: Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերի 9-ին անցկացնելու վերաբերյալ:–0–