Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցն առաջնահերթության կարգով քննելու վերաբերյալ. փաստաբան
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ Միջնորդություն է ներկայացվել դատավորին Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը առաջնահերթության կարգով քննելու վերաբերյալ։
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Այսօր մուտք ենք արել դիմում-միջնորդություն հասցեագրված դատավոր Դոլմազյանին առ այն, որ առաջնահերթության կարգով քննության առարկա դառնա խափանման միջոցի հարցը»,- ասել է Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ յուրաքանչյուր ժամ այլևս էական նշանակություն ունի Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունների տեսանկյունից։
2026 թվականի ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրավիրել է համագումար, և առանցքային է, որ մինչ այդ համագումարը Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին: Մրցակցության, հավասարության և ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից՝ սա ակնհայտ անհրաժեշտություն է, հույս ունենք, որ կապահովվի, և ցավ ենք ապրում, որ այդ բեռը ընկել է դատական իշխանության ուսերին»,- նշել է փաստաբանը՝ հավելելով, որ կուսակցության նախագահի մասնակցությունն առանցքային է։
Նրա խոսքով՝ մրցակցության, հավասարության և ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից սա ակնհայտ անհրաժեշտություն է։
Փաստաբանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը նշանակված է ապրիլի 15-ին, ժամը 10:30-ին։
Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին
Սամվել Կարապետյանը կալանքի տակ է գտնվել 2025 թվականի հունիսի 18-ից դեկտեմբերի 30-ը, ինչից հետո խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի:
Նրան մեղսագրում են իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր: Քրեական գործի առիթ են հանդիսացել Կարապետյանի հայտարարությունները՝ արված Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպումից հետո: Այն ժամանակ նա հայտարարել էր, որ միշտ սատարել է Հայ Առաքելական եկեղեցուն ու հայ ժողովրդին և հավելել էր, որ քաղաքական գործիչների ձախողման դեպքում «պատրաստ է իր ձևով մասնակցել տեղի ունեցողին»:
Ավելի ուշ Կարապետյանին առաջադրվել են նաև տնտեսական բնույթի մեղադրանքներ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և փողերի լվացման համար: Կարապետյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքները։

