Գնդակը Թուրքիայի դաշտում է. Ռուբեն Ռուբինյանը՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ հայկական կողմը սպասում է Թուրքիայի հետ սահմանի բացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:
Երեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարներին, Ռուբինյանը նշել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում արդեն իսկ մի շարք քայլեր են ձեռնարկվել։
Նա հիշեցրել է, որ վերականգնվել են Երևան-Ստամբուլ ավիաչվերթները, որոնք նախկինում մի քանի տարով դադարեցված էին։
«Ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն ուղիղ օդային բեռնափոխադրումների հնարավորության, ինչպես նաև Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ, որն այժմ փաստաթղթավորման փուլում է»,- ասել է Ռուբինյանը։
Ըստ նրա՝ առանցքային համաձայնություններից մեկը սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելն է։
«Այս ուղղությամբ մենք մեր կողմից արդեն արել ենք անհրաժեշտ ամեն ինչ։ Նկատի ունեմ անցակետի վերականգնումը։ Լավ նորությունն այն է, որ թուրքական կողմից այս տարի սկսվել են անցակետի վերականգնման աշխատանքները, և մենք սպասում ենք պայմանավորվածությունների կատարմանը. այս առումով գնդակը մեր դաշտում չէ»,- հայտարարել է նա։
Պատասխանելով պայմանավորվածությունների իրականացման ժամկետների մասին հարցին՝ Ռուբինյանը նշել է, որ գործընթացը ժամանակ է պահանջում։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հետ հնարավոր փոխկապակցմանը՝ նա հայտարարել է, որ դա տրամաբանական չի համարում։
Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության վերաբերյալ հարցին ի պատասխան Ռուբինյանն ասել է, որ անձամբ չի մեկնելու, սակայն հայկական կողմը ներկայացված է լինելու։
Հայաստան-Թուրքիա երկխոսության մասին
Հայաստանն ու Թուրքիան 1991 թվականից ի վեր չունեն դիվանագիտական հարաբերություններ, իսկ երկու երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Առանցքային խնդրահարույց հարցերի թվում են մնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
2021թ. դեկտեմբեր. Հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչներ նշանակվեցին ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։
2023թ. հունվարի 1. Երկրների միջև հնարավոր դարձան ուղիղ օդային բեռնափոխադրումները։
2024թ. սեպտեմբերի 24. Նյու Յորքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատեցին հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու պատրաստակամությունը։
2025թ. ապրիլի 12. Երկու երկրների ԱԳ նախարարները Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում քննարկեցին երկկողմ օրակարգը։
2025թ. սեպտեմբերի 12. Երևանում կայացած հանդիպման ժամանակ Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվեցին արագացնել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար ցամաքային սահմանի բացման պայմանավորվածությունների իրականացումը։ Քննարկվեցին նաև երկաթուղու, Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի նախագծերը և ավիաչվերթների թվի ավելացումը։

