Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում վտանգավոր վարակը և ինչ ձևերով է դրսևորվում

05.10.2026, 20:52
Ինչ է ժանտախտը, և ինչպես  է այն բուժվում
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում վտանգավոր վարակը և ինչ ձևերով է դրսևորվում

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը ներկայացրել է ժանտախտ հիվանդության առանձնահատկությունների, փոխանցման ուղիների մասին տեղեկատվություն։

Ժանտախտը բնական օջախային, ծանր ընթացքով, զոոնոզ վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչն է Yersinia pestis մանրէն:

Վարակի հիմնական բնական պահոց են հանդիսանում կրծողները և այլ մանր կաթնասունները, իսկ հիմնական փոխանցողները՝ վարակված լվերը։ 

Փոխանցման ուղիները

  • Տրանսմիսիվ (փոխանցողներով պայմանավորված). վարակված լվերի խայթոցի միջոցով:
  • Կոնտակտային (շփման). վարակված կենդանիների (օրինակ՝ կրծողների կամ ճագարների) մորթի, մսեղիքի մշակման կամ վարակված կենդանիների կենսահեղուկների հետ անմիջական շփման ժամանակ:
  • Օդակաթիլային. հիվանդի հետ ուղղակի շփման արդյունքում (հարուցչով վարակված աէրոզոլ ներշնչելիս):
  • Ալիմենտար (սննդային). ոչ բավարար ջերմային մշակման ենթարկված հարուցչով վարակված կենդանական ծագման սննդամթերք օգտագործելիս:

Հիվանդության հիմնական ձևերը

  • Մաշկային. Հարուցչի ներթափանցման հատվածում առաջանում է մաշկի և հարակից հյուսվածքների ախտահարում։ Հաճախ վերածվում է բուբոնային ձևի։   
  • Բուբոնային. առավել տարածված ձևն է: Ախտահարվում են ավշային հանգույցները, որոնք բորբոքվում, մեծանում են՝ վերածվելով ցավոտ գոյացությունների (բուբոնների): 
  • Ակնային. հազվադեպ հանդիպող հիվանդության ձև, որը զարգանում է աչքի ուղղակի կամ անուղղակի ախատահարման հետևանքով։  
  • Թոքային. ամենավտանգավոր և խիստ վարակիչ ձևն է: Ախտահարվում են թոքերը և զարգանում է ծանր թոքաբորբ: Բուժման բացակայության կամ ոչ ժամանակին իրականացված բուժման դեպքում մահաբերությունը հասնում է 100%.  
  • Սեպտիկ. հարուցիչը տարածվում է արյան մեջ՝ առաջացնելով ամբողջ օրգանիզմի ախտահարում (սեպսիս)։
  • Մենինգեալ.  Առավել ծանր ընթացքով հիվանդույթան ձև, որը զարգանում է որպես սեպտիկ կամ թոքային ձևերի բարդություն, որի ժամանակ ախտահարվում են գլխուղեղի թաղանթները։

Բուժումը

Չնայած հիվանդության վտանգավորությանը, ժամանակին բուժումը (հակաբիոտիկներով) արդյունավետ է։