Պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը՝ «Օսկարի» մրցանակակիր․ հայտնի են «Օսկար-2026»-ի բոլոր մրցանակակիրները

16.03.2026, 15:04
Լոս Անջելեսում կայացել է «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը
Պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը՝ «Օսկարի» մրցանակակիր․ հայտնի են «Օսկար-2026»-ի բոլոր մրցանակակիրները

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Լոս Անջելեսում կայացել է «Օսկար» մրցանակաբաշխության 98-րդ արարողությունը։

Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ «Պայքար պայքարի հետևից» (Battle After Battle) ֆիլմը, հայտնում է Forbes-ը։

Ընդհանուր առմամբ ֆիլմը տարավ վեց հաղթանակ, այդ թվում՝ «Լավագույն ռեժիսոր» (Փոլ Թոմաս Անդերսոն), «Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր» (Շոն Փեն), «Լավագույն ադապտացված սցենար» (Փոլ Թոմաս Անդերսոն), «Լավագույն մոնտաժ» (Էնդի Յուրգենսեն) և «Լավագույն քասթինգ» (Քասանդրա Կուլուկունդիս) անվանակարգերում, որի մրցանակն այս տարի հանձնվում էր առաջին անգամ: Ի սկզբանե ֆիլմն ուներ 13 անվանակարգ:

Տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակը ստացավ Մայքլ Բ. Ջորդանը («Մեղավորները» ֆիլմի համար), իսկ կնոջ լավագույն դերակատարման համար՝ Ջեսի Բաքլին («Համնետ» ֆիլմի համար)։

«Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում մրցանակը ստացավ ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Sinners» («Մեղավորները») ֆիլմը: Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ ճանաչվեց «K-pop դևերի որսորդները» ֆիլմը, իսկ լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ «Մարգարտե արցունքներով աղջիկը»:

«Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ» կատեգորիայում գրանցվեց ոչ ոքի, որտեղ հաղթողներ ճանաչվեցին «Երգիչները» և «Երկու մարդ փոխանակվում են թքով» նախագծերը:

Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում հաղթեց «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմը:

«Լավագույն ձայն»-ի համար մրցանակ ստացավ «F1» ֆիլմը, լավագույն վիզուալ էֆեկտների համար՝ «Ավատար․ Կրակ ու մոխիր» ֆիլմը, իսկ լավագույն դիմահարդարման և սանրվածքների համար մրցանակը շնորհվեց Մայք Հիլին, Ջորդան Սեմյուելին և Կլիոնա Ֆյուրիին, որոնք աշխատել էին «Ֆրանկենշտեյն» ֆիլմի վրա։ Լավագույն միջազգային ֆիլմ ճանաչվեց «Զգացմունքային արժեք» ֆիլմը։