Բժիշկը զգուշացրել է, թե ինչ հիվանդությունների մասին կարող են վկայել սառը ձեռքերն ու ոտքերը

24.02.2025, 12:29
Ի՞նչ հիվանդությունների մասին կարող են վկայել սառը ձեռքերն ու ոտքերը․ պարզաբանում է սրտաբանը
Բժիշկը զգուշացրել է, թե ինչ հիվանդությունների մասին կարող են վկայել սառը ձեռքերն ու ոտքերը

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Սառը վերջույթների խնդիրը բավականին տարածված է․ շատ մարդիկ բախվում են այս երևույթի հետ։ Ամենից հաճախ այս ախտանիշնրը կարող են լինել պարզապես ցածր ջերմաստիճանի կամ ֆիզիկական ակտիվության պակասի հետևանք, սակայն երբեմն դրանք կարող են վկայել ավելի լուրջ առողջական խնդիրների մասին, gazeta.ru-ին պատմել է սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Իրինա Պոլյաևան։

«Արյան հեմոգլոբինի ցածր մակարդակը (անեմիա) նույնպես կարող է առաջացնել ձեռքերի և ոտքերի սառած լինելու զգացում՝ հյուսվածքներին թթվածնի անբավարար մատակարարման պատճառով։ Բացի այդ, սառը վերջույթների հիմնական պատճառներից մեկը անբավարար արյան շրջանառությունն է։ Այն կարող է առաջանալ անոթների նեղացման հետևանքով, որը, օրինակ, կարող է պայմանավորված լինել աթերոսկլերոզով, երբ խոլեստերինը կուտակվում է զարկերակների պատերին։ Եթե արյունը չի կարողանում ազատ շրջանառվել դեպի վերջույթները, դրանք կարող են սառել», — պարզաբանել է բժիշկը։

Բացի այդ, նյարդային համակարգի որոշ հիվանդություններ, օրինակ՝ Ռեյնոյի համախտանիշը, կարող են առաջացնել արյունատար անոթների սպազմ, ինչը հանգեցնում է արյան ժամանակավոր անբավարար մատակարարման։ Այս վիճակը հաճախ ուղեկցվում է մաշկի գույնի փոփոխությամբ և ծակծկոցի զգացողությամբ։

«Վահանաձև գեղձի անբավարար գործունեությունը (հիպոթիրեոզ) նույնպես կարող է դանդաղեցնել նյութափոխանակությունը, ինչը հանգեցնում է մարմնի ջերմաստիճանի անկման և սառը վերջույթների։ Այս դեպքում կարող են նկատվել նաև այլ ախտանիշեր, օրինակ՝ հոգնածություն, քաշի ավելացում և չոր մաշկ։ Շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մոտ կարող է զարգանալ դիաբետիկ նևրոպաթիա՝ նյարդերի վնասում, ինչը նույնպես կարող է վատթարացնել արյան շրջանառությունը և հանգեցնել սառը վերջույթների», — նշել է բժիշկը։

Եթե ձեռքերում և ոտքերում հաճախակի առաջանում է սառնության զգացում, կարևոր է դիմել բժշկին՝ ախտորոշման և պատճառը պարզելու համար։

«Ժամանակավոր միջոցառումներից կարելի է խորհուրդ տալ վարժություններ, որոնք կբարելավեն արյան շրջանառությունը։ Բացի այդ, կրեք տաք հագուստ և գուլպաներ, ինչպես նաև պահպանեք հարմարավետ ջերմաստիճան սենյակում։ Հիշեք, որ սառը ձեռքերն ու ոտքերը կարող են լինել ոչ միայն տհաճ ախտանիշ, այլև ավելի լուրջ առողջական խնդիրների նշան։ Մի անտեսեք այս վիճակը և ուշադիր եղեք ձեր ինքնազգացողությանը», — եզրափակել է սրտաբանը։