Սկանդալ «Միսս Տիեզերք» մրցույթում. Պանամայի ներկայացուցիչը հեռացվել է մրցույթից՝ ընկերոջ պատճառով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Միսս տիեզերք» մրցույթի ներկայացուցիչը, որը պետք է ներկայացներ Պանաման, հեռացվել է մրցույթից։ Որակազրկման ստույգ պատճառը դեռևս պարզ չի, սակայն դրանք վերաբերում են միջոցառման կազմակերպչի հետ պայմանագրային պարտավորությունների խախտմանը։ Այս մասին գրում է woman.ru-ն։
«Միսս Պանամա» Իտալիա Մորան իր բլոգում պարզաբանել է, որ նա առանց թույլտվության լքել է իր համարը՝ գալա-համերգին դիմահարդարվելու և հագուստը վերցնելու համար, որը նոյեմբերի 1-ին՝ որակազրկվելուց մի օր առաջ, բերել էր իր ընկերը՝ Խուան Աբադիան։
«Ինձ ասացին, որ այս որոշումն ընդունվել է պահանջները չկատարելու պատճառով: Ես դուրս եկա սենյակից, որպեսզի դիմահարդարվեմ և հավաքեմ իմ անձնական իրերը: Ցավոք, վստահեցի հրահանգներին ու հետևեցի դրանց՝ չգնահատելով հետևանքները»,- գրել է նա։
19-ամյա մոդելը հայտարարել է, որ որ նա ապշած է եղել իրեն հեռացնելու՝ կազմակերպիչների որոշումից։
«Ուզում եմ նշել, որ սա համարում եմ կոշտ միջոց, և որ հարցը կարող էր լուծվել երկխոսության կամ նախազգուշացման միջոցով»,-ասել է նա։
Սակայն, ի հայտ է եկել նաև մոդելի որակազրկման ևս մեկ հնարավոր պատճառ:
Ըստ տեղեկությունների՝ Մորան չի սահմանափակվել ընկերոջը տեսնելով, նա նաև տեղափոխվել է վերջինիս սենյակ, ինչը համարվում է անվտանգության կանոնների խախտում։ Դրա հետ կապված՝ մրցույթի ղեկավարները որոշել են մասնակցությունից զրկել «Միսս Պանամա»-ին, ինչպես նաև թագից։
La Mordida-ին տված հարցազրույցում մոդելը պատմել է, որ «Միսս Պանամա» մրցույթի տնօրենի հետ իր համարում վեճ է եղել՝ դիմահարդարման պատճառով։ Մոդելը պլանավորել է, որ նրան հարդարելու են դիմահարդարները, որոնց հրավիրել էր իր ընկերը, սակայն տնօրենն ասել է՝ գումար չի տրամադրի այդ ծառայության համար: Մոդելի խոսքերով՝ ընկերն է վճարել գումարը։ Բացի այդ, նա հայտարարել է, որ հագուստի համար կռվել է կազմակերպչի հետ և դժգոհ է եղել, որ տնօրենը չի վճարում ծախսերի համար։ Ավելին, տնօրենի համարի գումարն ինքը՝ մոդելն է վճարել։
«Այդ ես եմ տուժել։ Ռոդրիգեսը (տնօրենը) լվացել է ձեռքերը, բոլորն ինձ վրա են հարձակվում»,-ասել է նա։
Մրցույթը կայանալու է նոյեմբերի 16-ին։