Ադրբեջանը պետք է անգամ մտքով չանցկացնի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ բլիցկրիգը

28.08.2014, 15:21
Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը հուլիսի վերջի, օգոստոսի սկզբի լարվածությունից հետո կայունացել է, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը նվազել են, սակայն դրության լարվածության վտանգը դեռ չի վերացել։ Որքա՞ն են մարտունակ հակամարտության կողմերը, արդյո՞ք ընդունակ է Ադրբեջանը լուծել հարցն ուժային ճանապարհով, արդյո՞ք Ռուսաստանը պետք է վերանայի իր մոտեցումներն Ադրբեջանին զենք մատակարարելու և ՀԱՊԿ–ի դաշնակիցների հարցում։ «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ բացառիկ զրույցում այս և այլ հարցերի է պատասխանել ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի պետ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը։
Ադրբեջանը պետք է անգամ մտքով չանցկացնի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ բլիցկրիգը

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը հուլիսի վերջի, օգոստոսի սկզբի լարվածությունից հետո կայունացել է, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը նվազել են, սակայն դրության լարվածության վտանգը դեռ չի վերացել։ Որքա՞ն են մարտունակ հակամարտության կողմերը, արդյո՞ք ընդունակ է Ադրբեջանը լուծել հարցն ուժային ճանապարհով, արդյո՞ք Ռուսաստանը պետք է վերանայի իր մոտեցումներն Ադրբեջանին զենք մատակարարելու և ՀԱՊԿ–ի դաշնակիցների հարցում։ «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ բացառիկ զրույցում այս և այլ հարցերի է պատասխանել ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի պետ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը։

Նովոստի–Արմենիա – Պարոն Եվսեև, այսօր Ադրբեջանն ակտիվորեն ժամանակակից սպառազինություն է գնում և հայտարարում է ուժային ճանապարհով ղարաբաղյան հակամարտությունը լուծելու հավանականության մասին։ Ինչպե՞ս եք գնահատում կողմերի` լայնածավալ մարտական գործողությունների պատրաստ լինելը։

Վ.Եվսեև - Միանգամայն ակնհայտ է, որ Ադրբեջանը նախապատրաստվում է գրոհային օպերացիայի` նրանք պակաս ուշադրություն են դարձնում պաշտպանական գործողությունների, զանազան ինժեներական շինությունների ստեղծմանը։ Այնտեղ կարծում են, որ կճեղքեն պաշտպանությունը, առաջնային և երկրորդային գծերը և կկարողանան գրավել ԼՂՀ տարածքի մի մասը։ Այդպիսի խնդիր է դրվում, և, ելնելով դրանից, նախևառաջ, գնում են հարձակողական զենք` տանկեր, զրահատեխնիկա, հրետանի, ներառյալ համազարկային կրակի հրթիռային համակարգեր և, բացի այդ, դրվում է օդում գերակշռություն ունենալու խնդիր, ինչի համար էլ ինքնաթիռներ են գնվում։

Ի՞նչ պատասխան կարող են տալ ԼՂՀ–ն և Հայաստանը։ Նախևառաջ, հակաօդային պաշտպանության տեսանկյունից ուժեղ է հենց հայկական կողմը։ Այն առավելությունը, որն ունի Ադրբեջանն ավիացիայում, զգալի չափով փոխհատուցվում է հայկական կողմի ՀՕՊ միջոցների հաշվին։ Իսկ տանկերի դեմ ստեղծվում են հատուկ զինվորական ստորաբաժանումներ, ինժեներական լուրջ շինություններ են ստեղծվում տանկերը զսպելու համար, հատկապես, տանկերի համար վտանգավոր շրջաններում։ Տանկերի ոչնչացման մեծ թվով համակարգեր կան, զանազան շարժական համակարգեր։ Այս իմաստով, կարծում եմ, որ տանկերի հարցում առավելությունը կփոխհատուցվի ոչնչացման հենց տեղափոխվող միջոցներով, նախևառաջ, հրթիռային համակարգերով։

Ադրբեջանն, իհարկե, որոշակի գերազանցություն ունի զորքերի թվում, բայց այդ քանակը, ինչպես ցույց տվեցին շփման գծում վերջին իրադարձությունները, որոշիչ չէ, քանի որ կորուստների մակարդակը կազմում է մեկը տասի հարաբերակցությամբ։ Պատկերացնու՞մ եք, կորուստների այդպիսի մակարդակի դեպքում որքան մարդ պետք է մսաղացով անցկացնել, գոնե ինչ–որ առաջխաղացման հասնելու համար։ Չէ՞ որ հետախուզման արդյունքում ոչ մի հատվածում պաշտպանության գիծը չի ճեղքվել։

Առանձին է պետք խոսել անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին։ Ես այդպիսի ԱՕԹՍ սարքեր հայկական կողմում տեսել եմ։ Հնարավոր է` իրենց որակով դրանք զիջում են Իսրայելից ձեռք բերված ադրբեջանական ԱՕԹՍ–ներին։ Չեմ կարող ասել, թե Ադրբեջանը չունի հարվածող անօդաչուներ, խոսքը հետախուզության մասին է։ Եղել են փաստեր, երբ դրանք ոչնչացվել են, այսինքն` դրանց ոչնչացման հնարավորություն կա։

Նովոստի–Արմենիա — Իսկ ի՞նչ հետևություն է պետք անել։

Վ.Եվսեև - Ընդհանուր առմամբ, ադրբեջանական կողմը ճնշող առավելություն չունի։ Չեմ կարծում, որ նրան նույնիսկ հաջողվի ճեղքել առաջնային կամ երկրորդային գիծը։ Ամենայն հավանականությամբ, նրանք տանուլ կտան, իսկ հայկական կողմը կմնա։ Իհարկե, ադրբեջանական բանակը «Բուրատինո» տեսակի զանազան համակարգեր ունի, որոնք որոշակի բացեր կարող են ստեղծել բանակում, բայց, անկասկած, կլինի ռազմական գործողությունների փորձ ունեցող կամավորների մեծ հոսք, ովքեր կարող են լրացնել այդ բացերը։

Բացի այդ, հավանաբար, հայկական կողմը ստիպված կլինի պատասխանել ադրբեջանական կողմի գործողություններին, և այդ պատճառով կորուստներն այնտեղ կարող են շատ մեծ լինել, իսկ նրանք հենց դրան էլ պատրաստ չեն։ Ես չեմ պատկերացնում, թե ինչ կլինի, եթե հայկական բանակը հակահարվածի անցնի։ Հայկական կողմն ինժեներական լուրջ կառույցներ ունի, բայց Ադրբեջանը, իմ կարծիքով, թերագնահատում է հակագրոհի հավանականությունը։ Եթե հակագրոհի և պաշտպանության գծի ճեղքման հնարավորություն լինի, ապա այդ դեպքում փախստականների մեծ հոսք կլինի։ Նույնիսկ վերջին իրադարձություններում, որոնք իրականում սահմանային բնույթ էին կրում, նման փաստեր գրանցվել էին Ադրբեջանի սահմանակից գյուղերում։ Պատկերացնում եմ, թե ինչ կարող է տեղի ունենալ ադրբեջանական պաշտպանության ճեղքման և հայկական բանակի`պաշտոնական Բաքվի կողմից վերահսկվող տարածք դուրս գալուց հետո։ Կարծում եմ` խուճապը սարսափելի կլինի, իսկ փախստականների հոսքը կհաշվարկի տասնյակներով, եթե ոչ հարյուր հազարավորներով։ Դա ինձ համար միանգամայն հասկանալի է, այդ պատճառով հակագրոհին անպատրաստ լինելը նույնպես շատ կթուլացնի Ադրբեջանին։

Գոյություն ունի ևս մի կարևոր փաստ` հայկական Զինված ուժերի մոտիվացումը շատ մեծ է` ժամկետային զինվորները հասկանում են, որ պաշտպանում են սեփական ընտանիքները, սեփական տարածքը։ Այսպիսի մոտիվացում ադրբեջանական կողմը չունի, չնայած ողջ քարոզչությանը։ Հետևաբար, խոսքը մոտիվացման գերակշռության մասին է զգալի տեխնիկական զինվածության և լավ պատրաստված կադրերի առկայության դեպքում։

Ինձ հայտնի է, որ հայկական բանակը կանոնավոր դիվիզիոն զորավարժություններ է անցկացնում։ Որքան տեղյակ եմ, Ադրբեջանում նման զորավարժություններ չկան։ Դիվիզիոն վարժանքները ենթադրում են համատեղ աշխատանք մի քանի գնդերի հրաձգարանում։ Սա օպերատիվ պատրաստվածության շատ բարձր մակարդակ է։ Կան վաշտային, գումարտակային, գնդային զորավարժություններ, բայց եթե տարին երկու անգամ ամբողջ սահմանով դիվիզիոն զորավարժություններ են անցկացվում, դա խոսում է այն մասին, որ լայնածավալ հարձակման դեպքում կլինի հետևազորի, տանկերի և հրետանու միջև շատ բարձր համակարգվածություն։ Այսպիսի համակարգվածությունը ներկայում շատ բարձր մակարդակում է։ Եվս մեկ պլյուս` բանակում ծառայելու երկու տարի։ Իմ կարծիքով` մեկ տարվա ծառայությունը բավարար է, իսկ այստեղ երկու տարի է։

Այս ամենը վստահություն է առաջացնում, որ ճեղքում չի լինի։ Այո, առանձին դիվերսիոն խմբեր կարող են ներթափանցել, բայց այդ դեպքում, հատկապես, եթե խոսենք ոչ թե շատ բնակեցված տարածքների մասին, զսպող գործոն կարող է դառնալ, օրինակ, ինքնաձիգների բաժանումը բնակչությանը։ Դա, հավանաբար, ճիշտ է, որովհետև բնակչությունն իրեն վստահ կզգա։

Կրկնեմ` փոքրաթիվ, դժվարանցանելի լեռնային շրջանների մասին է խոսքս։ Իսկ ընդհանուր առմամբ, բնակչության համար այդ խնդիրը չկա, որովհետև, ամենայն հավանականությամբ, պաշտպանության առաջին և երկրորդ գծերը կդիմակայեն։ Հետևաբար, ինչ–որ բլիցկրիգի մասին խոսելը, իմ կարծիքով, բացարձակ հիմարություն է։ Կարծում եմ` դրա հետ կապված հույսերն ընդհանրապես արդարացված չեն։

Նովոստի-Արմենիա – Կարծիք կա, որ ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման հնարավորության հարցում Ադրբեջանին վստահություն են ներշնչել զենքի բազմամիլիարդանոց մատակարարումները, այդ թվում՝ Ռուսաստանից:

Վ. Եվսեև - Այն համաձայնագրերը, որոնց մասին խոսում եք, ստորագրվել են նախագահ Դմիտրի Մեդվեդևի օրոք: Դրանք, իսկապես, նախատեսում են մոտ 4,5 մլրդ դոլարի սպառազինության բավականին խոշոր մատակարարումներ: Ես այս տարվա մարտին Բաքվում էի, ինձ ասում էին սպառազինության մատակարարման վերաբերյալ այդ պայմանագրերի ընդլայնման հնարավորության մասին: Ընդ որում, ես, որպես ռազմական փորձագետ, վրդովված եմ այն փաստից, որ մատակարարվում են նաև հարվածային համակարգեր, հարվածային ուղղաթիռներ, տանկեր:

Կարծում եմ, որ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ խստորեն պահանջ ներկայացվեց սադրիչ գործունեության դադարեցման մասին (Ադրբեջանի կողմից) զենքի մատակարարումների դադարեցման սպառնալիքի ներքո: Ինձ թվում է, որ այդ լծակը, ամենայն հավանականությամբ, օգտագործվեց: Ընդհանրապես ավելի ճիշտ կլիներ, եթե Ռուսաստանը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, դադարեցներ պայմանագրերի իրականացումը: Մի՞գուցե Ռուսաստանը կկարողանար դրան գնալ, և դա լավ կընդունվեր հայկական հասարակությունում: Ամեն դեպքում, սպառազինության մատակարարման պայմանագրերի դադարեցումը հնարավոր է, հնարավոր է հրաժարվել առաջին հերթին հարվածային համակարգերի, հարվածային ուղղաթիռների, տանկերի և այն ամենի մատակարարումից, որը կարող է օգտագործվել պաշտպանության ճեղքման համար, հատկապես մեծ հեռավորության վրա գործող համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարումը: Կարծում եմ, որ Ռուսաստանն ընդհանրապես պետք է արգելի նմանատիպ զենքի մատակարարումը, քանի որ այն կարող է օգտագործվել ոչ միայն բանակի, այլ նաև Ստեփանակերտի և այլ բնակավայրերի դեմ:
 
Ենթադրվում է, որ երկու կողմերին զենքի մատակարարմամբ հավասարակշռություն է պահպանվում: Նաև հարկավոր է հասկանալ, որ Ռուսաստանը Ադրբեջանին սպառազինություն մատակարարող միակ երկիրը չէ, այնտեղ սպառազինության մատակարարումներ են իրականացվում Իսրայելից, այլ պետությունների կողմից: Այդ պատճառով Ռուսաստանն այս հարցում պետք է ավելի գրագետ կառուցի իր քաղաքականությունը, հատկապես այն համակարգերի հարցում, որոնք կարող են օգտագործվել խաղաղ բնակչության դեմ, և այդ համակարգերը, իմ կարծիքով, հարկավոր է արգելել մատակարարել Ադրբեջան:

Նովոստի-Արմենիա – Կարելի՞ է ասել, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի դաշնակիցների համար «բարեկամության որոշակի ստուգում են»:

Վ. Եվսեև - Համաձայն եմ, որ այսօր բարեկամների թեստ է արվում: Դա շատ վառ կերպով դրսևորվում է ուկրաինական ճգնաժամի պայմաններում: Կարծում եմ, որ որոշ երկրներ, որոնք ՀԱՊԿ-ի գծով Ռուսաստանի դաշնակիցներն են, վախենում են, որ Ռուսաստանը կպարտվի Ուկրաինայի հարցում և ցանկանում են լավ հարաբերություններ պահպանել ԱՄՆ-ի հետ: Սակայն առաջիկա ամիսներին, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա բեկում՝ աշխարհազորայինների օգտին: Դրանից հետո Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, որպես միասնական պետություն արդեն գոյություն չի ունենա: Ուկրաինայի բեկումից հետո բեկում տեղի կունենա նաև հետխորհրդային տարածքում Ռուսաստանի նկատմամբ հարաբերություններում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում:

Հիմա ոմանք սպասում են, սակայն Ռուսաստանը հասկանում է, ով է նրա ընկերը, իսկ ով պարզապես ձևացնում է: Սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանը կիևյան խմբակին հաղթելուց հետո կվերցնի և կդադարեցնի հարաբերությունները, օրինակ, Ղազախստանի հետ: Չնայած ինձ շատ է վրդովվեցնում այս, այսպես կոչված բազմավեկտորությունը, որն իրականում ենթադրում է մտերիմ դաշնակցի՝ Ռուսաստանի շահերի որոշակի դավաճանություն: Բազմավեկտորության քաղաքականությունը վնասակար է: Պետությունները, որոնք իրենց համարում են կամ ցանկանում են Ռուսաստանի դաշնակիցը լինել, պետք է հրաժարվեն բազմավեկտորությունից և խոսեն առաջնահերթությունների մասին: Եթե Ռուսաստանը նրանց համար առաջնահերթ է, ապա մենք դաշնակցային հարաբերություններ ենք կառուցում, իսկ եթե՝ ոչ, ապա էլ ի՞նչ դաշնակցային հարաբերությունների մասին կարելի է խոսել:

Կարծում եմ, որ թեստը կհանձնվի, և Ռուսաստանը շատ լուրջ եզրակացություններ կանի: Եթե բեկում տեղի ունենա, ապա հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցության վերականգնման հնարավորությունները կլավանան:-0-