Ռուսաստանն անշեղորեն կատարելու է Հայաստանի առջև ստանձնած պարտավորությունները. ռուս փորձագետ
«Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովի բացառիկ հարցազրույցը՝ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը
«Նովոստի-Արմենիա». Պրն Լուկյանով, ինչպե՞ս կգնահատեիք հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը, համապատասխանու՞մ են դրանք ռազմավարական համագործակցության սահմանմանը:
Ֆ. Լուկյանով. Անկասկած, մեր հարաբերությունները համապատասխանում են ռազմավարական համագործակցության սահմանմանը: Չնայած փակագծերում կարելի է նշել, որ ռազմական համագործակցության և գործընկերության բանաձևը ժամանակակից աշխարհում շատ է փոխվել:
Ցանկացած խոշոր երկիր ռազմավարական գործընկերություն է հայտարարում բոլորի հետ: Ռուսաստանը ռազմավարական գործընկերություն ունի և Չինաստանի, և ԱՄՆ-ի, և Եվրամիության հետ: Սակայն դա չի բացառում այն փաստը, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, անխոս, ռազմավարական գործընկերություն են դասական հասկացության մեջ, քանի որ հիմնվում են ռազմավարական շահերի համընկնման վրա: Հայաստանի ռազմավարական շահն անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ունենալն է, որոնք պատմական հանգամանքների բերումով այս պահին կարող է տրամադրել միայն Ռուսաստանը: Իսկ Ռուսաստանի ռազմավարական շահը Հարավային Կովկասում սեփական ներկայությունը պահպանելն է, և կրկին այնպես է ստացվում, որ այս ամենում բացառիկ դեր է խաղում Հայաստանը, քանի որ այլ տարբերակներ պարզապես չկան: Մնացած բոլոր ոլորտները՝ տնտեսություն, մշակույթ, ածանցյալ են: Այսինքն՝ դրանք կարող են ավել կամ պակաս ինտենսիվ լինել, սակայն եթե խոսենք ռազմավարական գործընկերության մասին իսկական իմաստով, ապա այն հիմնված է երկու երկրների ռազմավարական շահերի վրա աշխարհաքաղաքականության, գոյատևման, անվտանգության և այլ տեսակետից:
«Նովոստի-Արմենիա». Ռուսաստանը մտադի՞ր է պահպանել իր ներկայությունը Հարավային Կովկասում՝ տարածաշրջանում ռուսական ներկայության նպատակահարմարության հարցում հնչող կասկածների համատեքստում:
Ֆ. Լուկյանով. Խոսակցությունները շատ են, ոմանք կարծում են, թե պետք է հրաժարվել Հյուսիսային Կովկասից, ոմանք էլ կարծում են, թե Հեռավոր Արևելքը ևս մեզ այդքան էլ պետք չէ, դատարկ խոսակցությունները շատ են: Ես չեմ կարող հարյուր տոկոսով բացառել այն, որ երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանը կունենա իր ռազմավարական առաջնահերթությունները, քանի որ անփոփոխ ռազմավարական առաջնահերթություններ ընդհանրապես չեն լինում, սակայն դա կլինի շատ ուշ և ինչ-որ ցնցումների արդյունքում, որոնք հերթական անգամ կփոխեն համաշխարհային քաղաքական քարտեզը: Այսօրվա դրությամբ և տեսանելի հեռանկարում կարծում եմ, որ Ռուսաստանը չի ցանկանա որևէ տեղ հեռանալ Հարավային Կովկասից նաև այն պատճառով, որ անհնար է հեռանալ Հարավային Կովկասից՝ չհեռանալով Հյուսիսային Կովկասից, սրանք փոխկապակցված գործընթացներ են:
Այնպես որ այն պարտավորությունները, որոնք Ռուսաստանն ունի Հայաստանի նկատմամբ, կարծում եմ, որ կկատարվեն անշեղորեն, եթե, Աստված մի արասցե, կարիքը լինի: Հուսով եմ, որ կարիքը չի լինի:
«Նովոստի-Արմենիա». Իսկ հնարավո՞ր է, որ տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունները, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտությունը սրվի:
Ֆ. Լուկյանով. Եթե Դուք հարցադրումն այսպես ենք ներկայացնում, ապա այո, հնարավոր է:
Որքանո՞վ է հնարավոր: Կարծում եմ, որ առաջիկա պատմական հորիզոնում այնքան էլ հնարավոր չէ: Ստատուս-քվոն կարող է ձեռնտու չլինել շատերին տարբեր պատճառներով, և Ադրբեջանին այն ձեռնտու չէ սեփական պատճառներով, և Հայաստանին նույնպես, շատերին էլ ձեռնտու չէ: Այսպես կլինի այնքան ժամանակ, մինչև ստատուս-քվոյի ցանկացած փոփոխություն կհանգեցնի ավելի վատ դրության, իսկ ես դեռ հիմքեր չեմ տեսնում կարծելու, որ փոփոխությունները կհագեցնեն ավելի լավի, իսկ մինչ այդ ստատուս-քվոն կմնա առաջնահերթ ուղղություն հատկապես արտաքին խաղացողների համար: Այսինքն՝ ջանքեր կգործադրվեն ներկայիս իրավիճակն ավելի ռազմականի չվերածելու համար: Իմ կարծիքով՝ ավելի հավանական է, որ փոփոխություններ տեղի կունենան ոչ թե ներքին տարածաշրջանային, այլ արտաքին գործընթացների արդյունքում: Դա ինչ-որ հզոր արտաքին սթրես է՝ կապված, օրինակ, Իրանի հետ կամ եթե Մերձավոր Արևելքի իրադարձություններն ավելի լայն բնույթի կփոխվեն և ընդգրկեն Թուրքիան, ոչ թե հեղափոխության իմաստով, այլ գործընթացի մեջ ներգրավվածության տեսակետից: Այլ կերպ ասած՝ արտաքին գործոնները բավականին հզոր ազդակի դեր կարող են խաղալ՝ այստեղ իրավիճակը հավասարակշռությունից հանելու համար: Սակայն դրանք կարող են խաղալ և կարող են չխաղալ: Այսինքն` կարելի կլինի խուսափել դրանից, և, ասենք, Իրանը չի ապակայունանա: Սակայն եթե Իրանն ապակայունանա ինչպես դրսից, այնպես էլ ներսից, ապա կարծում եմ, որ այս ամենը շատ ավելի լայն ազդեցություն կունենա:
«Նովոստի-Արմենիա». Որոշ ռուս քաղաքագետներ կարծում են, որ Ղարաբաղում պատերազմի վերսկսումը շահավետ է արևմտյան որոշ շրջանակների համար՝ որպես խաղաղարարներ տարածաշրջան ներխուժելու համար՝ նպատակ ունենալով հետագայում ներխուժել Իրան: Արևմուտքին պատերազմ ձեռնտու՞ է:
Ֆ. Լուկյանով. Իմ կարծիքով՝ ոչ: Դրանք տեսական կարծիքներ են, թե նրանց ձեռնտու է այստեղ ներխուժել որպես խաղաղարարներ՝ ելնելով, ցավոք, ռուսական մտածելակերպի համար տիպիկ՝ Արևմուտքի, մասնավորապես՝ Ամերիկայի առջև խոնարհվելու մտածելակերպից, երբ թվում է, թե ամեն ինչ արվում է նրա ղեկավարությամբ կամ, ծայրահեղ դեպքում, ըստ նրա ռազմավարական ծրագրերի:
Իրականում դա այդպես չէ, ամեն ինչ շատ ավելի քաոսային է, իսկ ամենակարևորն այն է, որ ԱՄՆ-ի հնարավորությունները, եթե նույնիսկ նման ցանկություն լիներ, սահմանափակ են: Վերջին մի քանի տարվա իրադարձությունները ցույց են տալիս, որ Ամերիկան չկարողացավ կատարել գլոբալ գերիշխող դերը: Ոչ մի երկիր այդ դերը չի կարող խաղալ, նույնիսկ ԱՄՆ-ի նման երկիրը, որը բոլոր պարամետրերով գերազանցում է բոլորին: Այն տեսակետը, թե Ամերիկան գերլարված է ինքնաստանձնած համաշխարհային պատասխանատվության, գերիշխանության բեռի տակ, բոլորի մոտ էլ կա: Ամերիկան ստիպված կլինի շատ կոկիկ և հստակ ընտրել առաջնահերթությունները՝ չսխալվելու համար:
«Նովոստի-Արմենիա». Հնարավո՞ր եք համարում պատերազմի վերսկսումն առանց գերտերությունների «պատժամիջոցների», կարո՞ղ է, արդյոք, կողմերից որևէ մեկն ինքնուրույն պատերազմ սկսել:
Ֆ. Լուկյանով. Իհարկե, հնարավոր է: Պետք չէ զբաղվել ինքնանվաստացմամբ, և Հայաստանը, և Ադրբեջանը միգուցե ամենաուժեղ համաշխարհային խաղացողները չեն, սակայն ինքնավար երկրներ են, որոնք ապրում են սեփական ներքին տրամաբանությամբ, և եթե այդ տրամաբանությունն այս կամ այն պատճառով քաղաքական գործիչներին փակուղի մտցնի, ապա դա լիովին հնարավոր է: Այլ բան է, որ նրանք պատերազմ սկսել կարող են, իսկ հետագայում ոչ ոք նրանց թույլ չի տա ավարտել պատերազմն ինքնուրույն, և հետագայում կլինեն հետևանքներ, որոնցում բոլորը կներգրավվեն:
«Նովոստի-Արմենիա». Իսկ ինչպիսի՞ն կլինեն պատերազմի հիպոթետիկ հետևանքները:
Ֆ. Լուկյանով. Այդ ամենը շոկ կլինի արտաքին բոլոր խաղացողների համար: Ռուսաստանի համար շատ վատ կլինի, քանի որ այդ ժամանակ հարց կծագի պարտականությունների կատարման անհրաժեշտության մասին: Եկեք պատկերացնենք, թե Ադրբեջանը փորձում է ուժով «մաքրել» Ղարաբաղը: Դա Հայաստանի վրա հարձակու՞մ է, թե՞ ոչ: Դա դիլեմա է, Ռուսաստանի համար ընտրություն է Հայաստանի առջև ստանձնած պարտավորությունների, որոնք չի կարելի չկատարել և Ադրբեջանի նշանակալի լինելու հասկացության միջև, որը վերջին տարիների ընթացքում ավելացել է: Տարածաշրջանի բոլոր երկրներն ինչ-որ կերպ կներգրավվեն: Թուրքիայի համար դա անխուսափելի կլինի, Իրանի համար ևս, կարծում եմ, որ Վրաստանը ևս այդ դեպքում անմասն չի մնա: Չգիտեմ, թե ինչ նրանք կանեն, սակայն, անկասկած, ինչ-որ բան կանեն: Այնպես որ չեմ կարող կանխատեսել հետևանքները, քանի որ դրանք բավականին բարդ է կանխատեսել, սակայն հետևանքները կլինեն բավականին մասշտաբային և կտարածվեն բավական հեռու:
«Նովոստի-Արմենիա». Դուք ասացիք, որ Ադրբեջանի նշանակությունն աճում է: Դուք նկատի ունեի՞ք տնտեսական տեսակետից: Եվ որքանո՞վ է տնտեսությունն ազդում Ռուսաստանում քաղաքական որոշումներ ընդունելու վրա:
Ֆ. Լուկյանով. Ադրբեջանի նշանակությունն աճում է տնտեսական տեսակետից, սակայն ոչ միայն: Ադրբեջանը լուրջ երկիր է, լուրջ քաղաքականություն ունեցող երկիր՝ բավականին հստակ ձևակերպված ազգային առաջնահերթություններով և շահերով: Ի դեպ, պակաս կարևոր չէ այն, որ երկիրը բավականին ինքնուրույն է: Ռուսաստանը, ռուսական իշխանությունն ավելի շատ չեն սիրում գործ ունենալ այն պետությունների հետ, որոնք, ինչպես նրանք կարծում են, իրականացնում են ոչ թե սեփական, այլ ինչ-որ ուրիշ մեկի քաղաքականությունը, այդպիսին է Վրաստանը:
Այնպես չէ, որ Ադրբեջանը Ռուսաստանին բարեկամ երկիր է համարում, ավելի շուտ ընդհակառակը, և Ռուսաստանում ևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո քաղաքական տեսակետից Ադրբեջանը ընկալվում էր կասկածամտությամբ: Սակայն շահերի չհամընկնումը կամ ոչ ամբողջական համընկնումը ենթակա է քննարկման, եթե կա այն բանի գիտակցումը, որ այդ շահն այդ երկրինն է: Եթե երկիրը, ընդհակառակը, շարժվում է մի ուղղությամբ, որը միանշանակորեն գործակալինն է՝ մեկ այլ հզոր գերտերության ազդեցությունը, ինչպես արդարացիորեն կամ ոչ արդարացիորեն մտածում են Վրաստանի մասին, ապա համարվում է, որ այդ երկրի հետ պետք չէ կապվել: Նույնը եղավ Ուկրաինայի հետ նախագահ Յուշչենկոյի նախագահության օրոք: Ադրբեջանն այն երկրներից է, որին վերաբերվում են լրջորեն և որոշակի հարգանքով:
Ազդու՞մ է, արդյոք, տնտեսությունը քաղաքականության վրա, իհարկե ազդում է: Այս դեպքում այստեղ այն տնտեսությունն է, որը քաղաքականություն է սահմանում, այսինքն էներգետիկ շահերի ձևակերպում, որոնք ևս փոխվելու են անհասկանալի կերպով: Սակայն Ռուսաստանը դեռ, ամեն դեպքում, պնդում է, որ ընդլայնելու է իր էներգետիկ հնարավորությունները ոչ թե միայն Հյուսիսում, այլ նաև Հարավում, իսկ այստեղ որևէ բան հնարավոր չի լինի անել առանց Ադրբեջանի և Թուրքիայի, առանց նրանց որևէ բարդ փոխգործակցության:
«Նովոստի-Արմենիա». Պրն Լուկյանով, Հայաստանն ակտիվորեն գործակցում է ՆԱՏՕ-ի հետ, նույնիսկ զինվորական համակազմ է ուղարկել Աֆղանստան: Այս ամենն ինչ-որ կերպ ազդու՞մ է հայ-ռուսական հարաբերությունների վրա:
Ֆ. Լուկյանով. Կարծում եմ, որ համակազմի ուղարկելը չի ազդում, դա Հայաստանի ինքնավար իրավունքն է: Ցանկանում է ուղարկել, թող ուղարկի, ավելին, որ Աֆղանստանում իրականացվող օպերացիան չի հակասում Ռուսաստանի շահերին, ընդհակառակը: Ընդհանրապես ՆԱՏՕ-ի հարաբերությունների զարգացումը միշտ նյարդայնացում է առաջացնում: Ես կասեմ, որ հիմա այն նվազել է պարզապես այն պատճառով, որ ռուս-վրացական պատերազմի հետևանքով դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված օրակարգը, եթե չի անհետացել, ապա հայտնվել է բավականին հեռավոր աստիճանի վրա: Բացի այդ, ՆԱՏՕ-ի ապագայի հետ կապված հայեցակարգային խնդիր կա: Ինձ թվում է, թե Դաշինքն այժմ ծանր դրության մեջ է, Լիբիայում իրականացվող օպերացիան դա ևս մեկ անգամ հաստատում է: Այդ պատճառով ՆԱՏՕ-ի կազմում Հայաստանի ներառման սպառնալիք չի եղել, չկա և չի էլ լինի ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ ԵՄ-ի հետ կապված ցանկացած ծիսակարգային ծրագիր, եթե լուրջ փոփոխությունների հեռանկար չունի, ապա թող հանգիստ իրականացվի:
«Նովոստի-Արմենիա». Հաջորդ հարցը վերաբերում է Վրաստանին: Հավանակա՞ն եք համարում տեսանելի հեռանկարում այդ երկրում ռուսամետ կամ գոնե Ռուսաստանի նկատմամբ լոյալ ուժերի հայտնվելը:
Ֆ. Լուկյանով. Ռուսամետ, չեմ կարծում: Ռուսամետ Վրաստանի հարցն արդիական չէ: Սակայն, անկասկած, կան ուժեր, որոնք ավելի ճկուն են, կարող են պայմանավորվածության գալ: Այստեղ շատ բան կախված է նախագահ Սահակաշվիլիի անհատական ֆիգուրից, որի հետ հանգամանքների բերումով ռուս ղեկավարները պարզապես չեն ցանկանում շփվել, իսկ նախագահ Սահակաշվիլին, հավանաբար, չի հեռանա 2013թ.-ից հետո և ինչ-որ այլ ձևով կմնա: Եթե նա զբաղեցնի վարչապետի պաշտոնը, ապա նշանակում է, որ կլինի ուրիշ նախագահ, ում հետ գոնե հնարավոր կլինի որևէ երկխոսություն սկսելու տպավորություն ստեղծել: Իհարկե, Միխայիլ Սահակաշվիլին այնքան էլ զուսպ մարդ չէ, այդ պատճառով եթե նույնիսկ որոշում ընդունվի Ռուսաստանի հետ հաշտվելու փորձի մասին, ապա նա, ամեն դեպքում, չի լռի: Ամեն դեպքում, նրա նախագահության սահմաններից դուրս ինչ-որ հարաբերություններ կվերականգնվեն:
«Նովոստի-Արմենիա». Կարելի՞ է Լիբիայում ստեղծված իրավիճակը համարել ինքնավար երկրների ներքաղաքական պայքարի մեջ օտարերկրյա միջամտության նախադեպ:
Ֆ. Լուկյանով. Ինքնավար պետություններում ներքաղաքական պայքարի մեջ արտաքին ուժերի միջամտությունը գոյություն ուներ, հավանաբար, Ֆուկիդիդի օրերից և միշտ կլինի: Քանի որ ուժեղ պետությունները միշտ միջամտում են ավելի թույլերի գործերի մեջ ցանկացած ձևով՝ քաղաքական, ռազմական, դիվերսիոն: Դա եղել է, կա և կլինի: Այս համատեքստում հետաքրքիրն այն է, որ Ռուսաստանն առաջին անգամ չխոչընդոտեց ներքին գործերի մեջ միջամտությանը, ինչն ինքնին բանավեճերի թեմա է:
Դժվար է ասել, թե դա զուտ կոնյուկտորային որոշու՞մ է, թե՞ արտացոլում է ռուսական քաղաքականության փոփոխության որոշակի միտում: Իմ կարծիքով՝ միտումը ևս հնարավոր է, չնայած, անխոս, կային նաև կոնկրետ փաստեր: Այս իմաստով նախադեպ է, սակայն այդ նախադեպի հետևանքը, իմ կարծիքով, աղքատիկ և վշտացնող է միջամտողների համար: Կարծում եմ, որ վերջիվերջո գնդապետ Քադաֆիին կուղարկեն նախահայրերի մոտ կամ նկուղ՝ վաստակած հանգստի, սակայն դա լիբիական ճգնաժամի վերջ չի նշանակի: ՆԱՏՕ-ի պետությունները՝ աշխարհի խոշորագույն ռազմական գերտերությունները, Աֆրիկայի ծայրամասային երկրում իրենց գիտակցված ցանկությունից դուրս ներքաշվել են ցեղերի քաղաքացիական պատերազմի մեջ: Այդ պատճառով կարծում եմ, որ այս նախադեպը, եթե սա համարենք նախադեպ, կարող է հենց հակառակ դեր խաղալ:
«Նովոստի-Արմենիա». Եվ վերջին հարցը՝ ինչպիսի՞ն է, ձեր կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը:
Ֆ. Լուկյանով. Կարծում եմ, որ ամեն ինչ դադարել է առաջիկա ժամանակի համար: Ինձ համար ամենասկզբից էլ պարզ էր, որ դա, վերջիվերջո, կառնչվի Ղարաբաղին, քանի որ Թուրքիան օբյեկտիվ հանգամանքների բերումով չի կարող ձախողել Ադրբեջանի հետ իր հարաբերությունները: Կարծում եմ, որ ամեն ինչ կարող է շատ արագ, կտրուկ և անսպասելի փոխվել, երբ տարածաշրջանային համատեքստի փոփոխություն լինի լայն իմաստով՝ ոչ թե հարավկովկասյան, այլ, օրինակ, Փոքր Ասիայից մինչև Միջին Արևելք, սակայն այդ ամենը դեռ չի երևում:-0-

