Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը համահունչ է Հայաստանի դիրքորոշմանը. ՀՀԿ
Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը հիմնականում համահունչ է Հայաստանի դիրքորոշման հետ և Ադրբեջանին ուղղված հստակ ուղերձ է, կարծում է ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Մեծ ութնյակի շրջանակներում Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլա Սարկոզիի կողմից հինգշաբթի ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ միայն բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորումը կարող է բերել խաղաղության, կայունության և հաշտեցման՝ հնարավորություններ բացելով տարածաշրջանային զարգացման և համագործակցության համար, իսկ հակամարտության գոտում ուժի կրկնակի կիրառումը կդատապարտվի միջազգային հանրության կողմից:
«Հայտարարության մեջ ընդգծվում է ուժի կիրառման անթույլատրելիությունը, ինչի մասին բազմիցս խոսել են հայկական երկու կողմերը՝ Հայաստանն ու Արցախը», - ասաց Շարմազանովը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:
Նա հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Եվրանյուզին» տված հարցազրույցում առաջարկել է Բաքվին չհարձակման մասին համաձայնագիր կնքել, ինչը չստացավ Բաքվի դրական արձագանքը:
Շարմազանովի խոսքերով՝ երեք երկրների նախագահները նշել են, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: «Մենք միշտ խոսել ենք այն մասին, որ չենք տեսնում խնդրի ռազմական լուծում, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին», - նշեց պատգամավորը:
Շարմազանովն անդրադարձավ նաև գերտերությունների առաջնորդների հայտարարության ևս մի կետի, որում նրանք կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին պատրաստել բնակչությանը խաղաղության, այլ ոչ թե պատերազմի: «Մենք կարող ենք հստակ ասել, որ նախագահ Սարգսյանի և հայկական իշխանությունների ներկայացուցիչների ելույթներում պատերազմի քարոզի ակնարկ անգամ չի եղել, իսկ Ադրբեջանի նախագահը ընդհակառակը բազմիցս հրապարակավ ռազմատենչ հռետորականություն է օգտագործել: Իսկ հայկական կողմը տարբեր ամբիոններից առաջարկել է համաշխարհային հանրությանը դատապարտել դա», - ասաց Շարմազանովը՝ նշելով, որ հայտարարությունն ուղղված էր հենց նման ռազմատենչ հռետորականության դեմ:
ՀՀ ԱԺ պատգամավորը նաև ընդգծեց, որ ուժի կրկնակի կիրառումը կհանգեցնի աղետալի հետևանքների: «Սա ևս Բաքվին ուղղված հստակ մեսիջ էր, քանի որ առաջին անգամ պատերազմը սկսեց հենց Ադրբեջանը՝ ագրեսիա իրականացնելով ԼՂՀ ժողովրդի դեմ, որը օգտվել էր ինքնորոշման իրավունքից», - ասաց պատգամավորը:
Շարմազանովի խոսքերով՝ հայտարարության մեջ խոսքը հակամարտության ոչ թե երկու, այլ բոլոր կողմերի մասին է: «Դա նշանակում է, որ Արցախը ճանաչվել է որպես կողմ, ճանաչվել է այն փաստը, որ առանց Արցախի ոչ ոք չի կարող լուծել այս հակամարտությունը», - ընդգծեց պատգամավորը:
Նա հույս հայտնեց, որ Ադրբեջանում կգտնվեն լուրջ մարդիկ, ովքեր կգիտակցեն համաշխարհային գերտերությունների նախագահների հայտարարության հետևանքները: «Եթե Ադրբեջանը շարունակի հանդես գալ ռազմատենչ հռետորականությամբ, ապա դա կլինի արհամարհանքի դրսևորում համանախագահ-երկրների նկատմամբ», - նշեց պատգամավորը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

