Լիտվայի դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ միշտ կշռված է եղել

21.01.2011, 20:05
Լիտվայի դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ միշտ կշռված է եղել
Լիտվայի դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ միշտ կշռված է եղել

Լիտվայի արտաքին գործերի նախարար Էվալդաս Իգնատավիչուսի  հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը

Նովոստի-Արմենիա. Պարոն Իգնատավիչուս, ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Ադրբեջանում Լիտվայի Արտակարգ և Լիազոր դեսպան Կեստուտիս Կուձմանասն իբր Ինտերնետ-պարբերականներից մեկին հայտնել է, որ Լիտվայի խորհրդարանը ղարաբաղյան հակամարտության բանաձև է նախապատրաստում, որն ուղղված կլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանությանը։ Բացի այդ, նույն պարբերականի համաձայն, դեսպանն իբր ասել է, որ «Լիտվան միշտ բոլոր միջազգային մակարդակներում ճանաչում է Ադրբեջանի տարածքայի  ամբողջականությունը և ադրբեջանական հողերի բռնազավթման փաստը»։ Համապատասխանում է սա, արդյո՞ք, իրականությանը, և արդյո՞ք, իրականում Վիլնյուսը նման միակողմանի դիրք է գրավում ղարաբաղյան հարցում։

Է.Իգնատավիչուս. Լիտվայի դիրքորոշումը միշտ կշռված և ռացիոնալ է եղել, և այժմ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր մենք այն նույն դիրքն ենք զբաղեցնում, որի մասին միշտ հայտարարել ենք։ Մենք շահագրգռված ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմամբ։ Այս խնդրի լուծման մեջ մենք առաջնորդվում ենք ՄԱԿ-ի և Հելսինկիի եզրափակիչ ակտի ճանաչված սկզբունքներով՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության, ազգերի հավասարության և ինքնորոշման իրավունքներ։ Մենք առաջնորդվում ենք այդ սկզբունքներով և ձգտում ենք նրան, որ հակամարտության կողմերը մոտենան խաղաղ լուծմանն ու խնդրի կարգավորմանը։

Նովոստի-Արմենիա. Այսինքն, պարոն Կուձմանասի հայտարարությունը հեռու՞ է իրականությունից։

Է.Իգնատավիչուս. Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքներով, որոնք ես նշեցի, ինչպես նաև այն հայտարարություններով, որոնք արվել են Մինսկի խմբի համանախագահների վերջին հանդիպումից հետո, Ակվիլայի և Մուսկոկի հայտարարություններով, այդ թվում՝ այլ հայտարարություններով, որոնք ձգտում են հավասարակշռություն ստեղծել տարածաշրջանում։

Նովոստի-Արմենիա. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման աջակցության ի՞նչ քայլեր է մտադիր ձեռնարկել ԵԱՀԿ-ում նախագահող Լիտվան։

Է. Իգնատավիչուս. Լիտվան շատ ակտիվ համագործակցում է Մինսկի խմբի բոլոր մասնակիցների հետ և սերտ համագործակցություն ունի դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ, ով հակամարտության գծով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչն է, և մենք ցանկանում ենք, որպեսզի այդ կառույցների գործունեությունն այս տարածաշրջանում ակտիվանա։ Մենք կողմ ենք հանդես գալիս այս տարածաշրջանում վստահության քայլերի իրագործմանը, որին կմիանար և Միավորված Ազգերի Կազմակերպությունը, և ԵԱՀԿ-ն, և միջազգային այլ կազմակերպություններ։

Նովոստի-Արմենիա. Ինչպե՞ս եք գնահատում հայ-լիտվական հարաբերությունների մակարդակը։ Ակնկալվու՞մ են, արդյոք, առաջիկայում լիտվացի բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցերը Հայաստան։

Է. Իգնատավիչուս. Մեր հարաբերությունները լավ մակարդակի վրա են։ Հեռանկարում մենք տեսնում ենք Լիտվայի արտգործնախարարի այցը Հայաստան։ Չի բացառվում նաև բարձր մակարդակով այցերի հնարավորությունն այս տարի Հայաստան և տարածաշրջանի այլ երկրներ, մասնավորապես, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր։

Նովոստի-Արմենիա. Ինչպիսի՞ն են, ըստ Ձեզ, երկու երկրների միջև համագործակցության գերակա ուղղություններն այսօր։

Է.Իգնատավիչուս. Դա և տնտեսությունն է, և առևտրաշրջանառությունը։ Հնարավորություններ կան այնպիսի ոլորտներում, ինչպես առողջավայրերի զարգացումը։ Այստեղ կան  մշակումներ և մտահղացումներ։ Մշակույթի ոլորտում մենք դեռ շատ քիչ բան ենք արել վերջին տարիներին, բայց մարդիկ Լիտվայում հիշում են Հայաստանի մշակույթը։ Սակայն այժմ շատ հնարավորություններ կան իմանալու, թե ինչ նորություններ կան Հայաստանում։

Նովոստի-Արմենիա. Դուք հիշատակեցիք փոխգործակցությունը զբոսաշրջության ոլորտում, գոյություն ունի, արդյո՞ք, առողջարանային քաղաքների համագործակցության կոնկրետ նախագիծ երկու երկրների միջև։

Է.Իգնատավիչուս. Կան մտահղացումներ առողջարանների համագործակցության մասով։ Մենք դահուկային մեծ նախագիծ ենք իրականացնում Դրուսկինինկայա քաղաքում։ Եվ բանակցություններ ենք վարում հայկական առողջարանների ներկայացուցիչների հետ փորձի փոխանակման վերաբերյալ։

Նովոստի-Արմենիա. Վիլնյուսն ակտիվ համագործակցում է ԵՄ «Արևելյան գործընկերություն» քաղաքականության շրջանակներում։ Լիտվան պատրա՞ստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին այդ քաղաքականության շրջանակներում և կիսվել եվրաինտեգրման գործընթացի սեփական փորձով։

Նովոստի-Արմենիա. Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի քայլերը եվրաինտեգրման ուղղությամբ, որքա՞ն են դրանք մոտ ԵՄ-ին։

Է.Իգնատավիչուս. Մեզ ուրախացնում է, որ Հայաստանը լավ է օգտագործում Եվրամիության հետ մերձեցման հնարավորությունները, և երկրի բանակցությունները ԵՄ հետ Ասոցիացման պայմանագրի վերաբերյալ հաջող են ընթանում։ Մեր կարծիքով, Հայաստանը լավ է օգտագործում այդ հնարավորությունները։ -0-