Հայաստանը մտադիր է Սփյուռքի մասին կոնվենցիա ներկայացնել ՄԱԿ-ին

22.09.2010, 15:38
Հայաստանը մտադիր է Սփյուռքի մասին կոնվենցիա ներկայացնել ՄԱԿ-ին
Հայաստանը մտադիր է Սփյուռքի մասին կոնվենցիա ներկայացնել ՄԱԿ-ին

Հայաստանի սփյուռքի նախարարությունը զբաղվում է մի փաստաթղթի մշակումով, որը պետք է ներկայացվի ՄԱԿ-ին որպես Սփյուռքի մասին կոնվենցիայի նախագիծ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Նրա խոսքերով, փաստաթուղթը մշակվում է հանրապետության նախագահի հանձնարարականով։

«Հայաստանի նախագահի հանձնարարականով մենք կմշակենք սփյուռքի հետ կապված բոլոր ասպեկտներին վերաբերող լուրջ փաստաթուղթ։ Ես կհավաքեմ աշխարհում սփյուռքի խնդիրներով զբաղվող մասնագետներին, որպեսզի մենք կարողանանք ՄԱԿ-ին դիմել և անցկացնել նման փաստաթուղթ, որը կկոչվի Սփյուռքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիա»,- ասաց Հակոբյանը։

«Ողջ աշխարհում «սփյուռք» հասկացությունը նոր որակ է ձեռք բերել, և մենք պետք է կարողանանք սփյուռքի ձևավորումը, սփյուռքի սահմանումը, նրա ներկայացվածությունը բնակության երկրում, Հայրենիքի հետ կապերի առումով պետք է կարողանանք, ինչպես հարկն է, միջազգայնորեն հանրահռչակել»,- ընդգծեց Սփյուռքի նախարարը։

Ըստ նրա, որոշ գաղափարներ արդեն կան։ «Ես պատրաստվում եմ Հայաստան հրավիրել համաշխարհային փորձագետ-սյուռքագետների։ Փաստաթղթի վրա պետք է աշխատեն իրավաբաններ, միջազգայնագետներ, հոգեբաններ, սոցիոլոգներ, քանի որ սփյուռքը բարդ երևույթ է։ Ես ինքս զբաղվում եմ հայկական սփյուռքով և հասկանում եմ խնդրի էությունը»,- ասաց Հակոբյանը՝ ավելացնելով, որ նախագահի գաղափարը պետք է կյանքի կոչվի։

«Կարծում  եմ, որ միջազգային հանրությունը պետք է ընդունի այս գաղափարը»,- նշեց նախարարը։ -0-