Հայաստանին կհաջողվի համատեղել տարածաշրջանի տարբեր երկրների շահերը՝ ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում

30.06.2009, 16:30
Հայաստանին կհաջողվի համատեղել տարածաշրջանի տարբեր երկրների շահերը՝ ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում
Հայաստանին կհաջողվի համատեղել տարածաշրջանի տարբեր երկրների շահերը՝ ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում

Հեռանկարները հետաքրքիր են այն պարզ պատճառով, որ ծրագիրը բավականին ճկուն է, այսինքն՝ այն հնարավորություն է տալիս հաշվի առնել ինչպես Եվրամիության երկրների, այնպես էլ գործընկեր-երկրների շահերը, ընդ որում նրանցից յուրաքանչյուրը կարող է փորձել հաշվի առնել սեփական առանձնահատկությունը:

Նովոստի-Արմենիա – Ինչպիսի՞ն են այն առավել ակնհայտ շահերը, որոնք Հայաստանը կարող է քաղել այս ծրագրում անդամակցելուց՝  ինչպես տնտեսության, այնպես էլ քաղաքականության տեսակետից:

Ա. Իսկանդարյան – Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա այստեղ առկա են և քաղաքական, և տնտեսական շահերը: Եթե խոսենք տնտեսական ոլորտի մասին, ապա Հայաստանի պայմաններում, երկիր, որը զգալի չափով գտնվում է մեկուսացման մեջ աշխարհագրական և այլ պատճառներով, հատկապես կարևոր է: Մասնավորապես, դա Եվրոպայի հետ առևտրային բարենպաստության մասին համաձայնագիրն է, ընկերակցության գաղափարի զարգացումն է, որն իրականում դեռ բովանդակություն չունի. «Արևելյան գործընկերության» շրջանակներում նման ծրագիր չկա, սակայն ընկերակցության գաղափարը կարելի է զարգացնել եվրոպական շուկա ապրանքների և ծառայությունների հասանելիության, մուտքի արտոնագրի ռեժիմի պարզեցման իմաստով: Այս ամենը շատ լուրջ նշանակություն ունի Հայաստանի համար՝ ինչպես խորհրդանշական, այնպես էլ ոչ խորհրդանշական:

Ինչ վերաբերում է քաղաքական ոլորտին, ապա դա ENP-ի (ԵՄ «Նոր եվրոպական հարևանություն» ծրագիր) հաջորդ փուլն է և մեր երկրներում քաղաքականության եվրոպականացման ծրագրի շարունակությունը: ENP-ի կազմում ընդգրկված էր 17 երկիր՝ Մարոկկոյից մինչև Վրաստան, «Արևելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված է միայն վեց երկիր՝ ENP-ի պետությունների թվից (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Բելառուս և Ուկրաինա), և դրանք եվրոպական երկրներն են, այսինքն՝ եվրոպական կազմակերպություններում (Եվրոպայի խորհրդում, ԵԱՀԿ-ում) ընդգրկված պետություններն են: Այս վեց երկրները հնարավորություն ունեն խորացնել և շարունակել իրենց մուտքը եվրոպական քաղաքական և տնտեսական տարածք: Դա վերաբերում է ժողովրդավարացմանը, ընտրական համակարգերի կատարելագործմանը, մամուլի ազատությանը, առևտրային առավելություններին և այլն:

Սա իսկապես կարևոր է, և մասնավորապես Հայաստանի համար, սակայն մյուս կողմից՝ դա կարելի է անել, կարելի է և չանել, դա կարող է ստացվել կամ չստացվել: Այս ամենի համար ոչ միայն պետք է ակտիվ լինի Բրյուսելը, Եվրոպայի հետ փոխգործակցելիս պետք է մշակվեն նաև եվրոպական տարածք հետագա մուտք գործելու մեթոդներն ու տեխնոլոգիաները:

Նովոստի-Արմենիա – Այսինքն «Արևելյան գործընկերություն» ծրագիրը հերթական քայլ է դեպի եվրոպականացու՞մ:

Ա. Իսկանդարյան – Այո:

Նովոստի-Արմենիա – Կարո՞ղ է, արդյոք, այս ծրագիրը որոշակի ազդակ կամ գործիք լինել հակամարտությունների, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության լուծման համար:

Ա. Իսկանդարյան – Հենց այս պահին ինձ թվում է, որ ոչ: Այժմ վերցնել և կարգավորել հակամարտությունը միայն այն պատճառով, որ մենք այդ ծրագրի անդամներ ենք, այդքան էլ լուրջ չէ: Սակայն այս տարածքում քաղաքական և տնտեսական մթնոլորտի ընդհանուր փոփոխությունը կարող է քաղաքական մշակույթի որոշակի փոփոխությունների հանգեցնել: Չէ՞ որ այս ծրագրի շրջանակներում գործող մեխանիզմները փոխզիջման մեխանիզմներ են, իսկ դրանք կարող են արդյունավետ ազդել հակամարտությունների կարգավորման վրա: Այսինքն՝ երկարաժամկետ հեռանկարում դա կարող է հակամարտության լավագույն լուծման որոշակի արդյունքներ տալ: Այժմ խոսքը հակամարտությունները կարգավորելու մասին չէ, այլ անգամ այդ հակամարտությունների առկայության պայմաններում կայուն գոյություն ունենալու մասին է, և խաղաղ գոյություն ունենալով՝ փորձել հակամարտության լուծման հետագա քայլեր մշակել:

Նովոստի-Արմենիա – Իսկ ինչպե՞ս կմեկնաբանենք Ռուսաստանի դիրքորոշումը «Արևելյան գործընկերություն» ծրագրի նկատմամբ, և այս համատեքստում ինչպիսի՞ կապ է նկատվում հայ-ռուսական հարաբերությունների հետ:

Ա. Իսկանդարյան – Լավ հարց է: Ռուսաստանն, իհարկե, այն ծրագրի նկատմամբ, որի մեջ ինքը չի մտնում, վերաբերվում է որոշակի կասկածանքով: Մյուս կողմից՝ կոնկրետ Հայաստանի դեպքում գործերն ավելի լավատեսական են, քան այլ երկրների դեպքում: Հայաստանը սովորել է գոյություն ունենալ նման շրջանակներում, դա մեզ մոտ կոմպլեմենտարիզմ է կոչվում: Մենք սովորել եք քաղաքականորեն խնդիրները լուծել այնպես, որպեսզի աշխատելով Եվրոպայի հետ՝ չնեղացնենք Ռուսաստանին, և աշխատելով Ռուսաստանի հետ՝ չնեղացնենք Եվրոպային, այսինքն հաշվի առնել Ռուսաստանի շահերը եվրոպական երկրների հետ համագործակցելիս և հակառակը: Դա ոչ միշտ է հոյակապ ստացվում, երբեմն դժգոհություններ են լինում ինչպես այս, այնպես էլ մյուս կողմից, սակայն, ընդհանուր առմամբ, ի տարբերություն այլ երկրների՝ օրինակ Վրաստանի, Հայաստանին դա հաջողվել է: Ես շատ մեծ հույս ունեմ, որ եվրոպական գործընկերության շրջանակներում ևս Հայաստանին կշարունակվի հաջողվել գնալ ինտեգրման եվրոպական կառույցների և կազմակերպությունների հետ՝ բացատրելով Ռուսաստանին, որ դա չի հակասում նրատարածաշրջանային շահերին:

Լավ օրինակ են վերջին տարվա ընթացքում փոխված հայ-թուրքական փոխհարաբերությունները: Կավարտվի՞ գործընթացը, թե ոչ, թեթև՞ է այն ընթանում, թե ծանր՝ այլ հարց է: Սակայն եթե Ռուսաստանը դեմ լիներ, ապա դա ընդհանրապես տեղի չէր ունենա: Այսինքն՝ հաջողվում է համատեղել տարբեր երկրների և տարբեր ուժերի շահերը այս տարածաշրջանում: Եվ ինձ թվում է, որ Հայաստանին դա կհաջողվի անել նաև «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում:

Նովոստի-Արմենիա – Եթե դիտարկենք հայ-թուրքական հարաբերությունները որոշակի եռակի ձևաչափում՝ Հայաստան-Թուրքիա-Եվրոպա, կարո՞ղ է երկկողմ հարաբերությունների ուղղվածության որևէ փոփոխություն տեղի ունենալ:

Ա. Իսկանդարյան – Ոչ: Հայ-թուրքական հարաբերություններն ու «Արևելյան գործընկերությունը» տարբեր բաներ են: Թուրքիան «Արևելյան գործընկերության» և Եվրամիության անդամ չէ: Հայ-թուրքական փոխհարաբերություններն առանձին ձևաչափ են, որում, իհարկե, շահագրգռված են եվրոպական երկրներն ու «Արևելյան գործընկերության» երկրները, սակայն ճիշտ չէ այս ծրագրի ձևաչափի մեջ ուղղակիորեն ներառել այս փոխհարաբերությունները:-0-