Էկոտուրիզմի զարգացման համար Հայաստանը ռեսուրսների պաշար ունի
Էկոտուրիզմի զարգացման համար Հայաստանը ռեսուրսների բավականին հարուստ պաշար և բնական ժառանգություն ունի, կարծում է «Էկոտուրիզմ» հայկական ասոցիացիայի նախագահ Ժաննա Գալյանը։
«Հայաստանը մեծաթիվ հատուկ պահպանվող բնական տարածքներ ունի, որոնք բառառիկ հետաքրքրություն են ներկայացնում զբոսաշրջության, մասնավորապես, էկոտուրիզմի զարգացման համար»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց նա։
Նրա խոսքերով, Հայաստանում ՀՊԲՏ ընդհանուր տարածքը 308 հազար հեկտար է, ինչը կազմում է հանրապետության ողջ տարածքի մոտ 10 տոկոսը, որտեղ դեռ պահպանվել է վայրի կենդանիների և բույսերի կենսաբազմազանությունը։
Հայաստանի հատուկ պահպանվող բնական տարածքների թվին են պատկանում պետական պարկերն ու արգելավայրերը, ազգային պարկերն ու բնության հուշարձանները, մասնավորապես, «Սևան» և «Դիլիջան» պարկերը, «Շիկահող», «Էրեբունի», «Խոսրովի անտառ» պետական արգելոցները, ինչպես նաև ավելի քան 20 պետական արգելավայրերը։ Ծրագրվում է ստեղծել ևս վեց ՀՊԲՏ։
Գալյանն ընդգծեց, որ էկոտուրիզմը պետք է եկամուտ բերի տեղի բնակչությանը, դրանով բնակչությանն ընդգրկելով շրջակա տարածքի պահպանման գործընթացում։ «Եթե բնակչությանը ցույց տալ, որը շրջակա բնությունը կարող է նրանց եկամտի աղբյուր լինել, ապա դա բնության հանդեպ հոգատար վերաբերմունքի ու այն պահպանելու խթան կարող է դառնալ»,- ասաց նա։
Սակայն, Ասոցիացիայի նախագահի կարծիքով, դրա համար պետք է անհրաժեշտ ենթակառուցվածք, գովազդային ու տեղեկատվական նյութեր ստեղծել, աշխատակազմ պատրաստել, ապահովել տեղի բնակչության մասնակցությունը, ինչպես նաև համագործակցել զբոսաշրջության մասնավոր հատվածի հետ։
«Իհարկե, առաջին հերթին դա մասնավոր հատվածի խնդիրն է, սակայն զբասաշրջության կառավարումն ու դրա զարգացման խթանումը, անկասկած, պետության գործն է։ Պետության վրա չափազանց կարևոր խնդիր է դրված՝ երկրի զբոսաշրջային արտադրանքի գովազդը, սակայն մինչ տվյալ արտադրանքը գովազդելը պետք է այն ստեղծել»,- ասաց նա։
Ասոցիացիայի ղեկավարը նշեց, որ 2007 թվականին մեծ աշխատանք է տարվել` «Դիլիջան» ազգային պարկի զարգացման ուղղությամբ։ Մասնավորապես, գովազդային բուկլետներ են թողարկվել, մշակվել են հետիոտն և հեծյալ արշավի տարբեր երթուղիներ, աշխատանքներ են տարվում ուղենշված արահետների բարեկարգման ուղղությամբ։
Բացի այդ Գալյանը նշեց, որ ներկա պահին «Խոսրովի արգելոցում» կառուցվում է այցելուների կենտրոն, որը կոչված է այցելուին տեղեկատվություն տալ տարածքի բնության մասին, նրան շահագրգռել՝ հանգիստն անցկացնելու հատկապես տվյալ պարկում։ Մասնավորապես, նման կենտրոններում կկազմակերպվեն ցուցահանդեսներ, բնապահպանական թեմաներով տարբեր ֆիլմերի ցուցադրություններ։
«Նման կենտրոնները կարող են դառնալ բնապահպանական կրթության, դաստիարակության և տեղի բնակչությանը տեղեկատվությամբ ապահովելու միջոց»,- ասաց նա։
«Սևան» ազգային պարկի կապակցությամբ Գալյանը նշեց, որ դրա ենթակառուցվածքը չի համապատասխանում պահպանվող տարածքին։ ««Սևան» պարկում մի շարք խնդիրեր կան՝ կեղտաջրեր, աղբահանություն, բացի այդ, Սևանի թերակղզում սեզոնին՝ հուլիս-օգոստոսին, նախատեսվածից շատ մարդ է կուտակվում»,- ավելացրեց նա։
Գալյանի խոսքերով, վերջին ժամանակներս աղբամաքրման և աղբահանության ուղղությամբ որոշակի միջոցներ են ձեռնարկվում, սակայն այս աշխատանքները պարկի ողջ տարածքը չեն ընդգրկում, իսկ Սևանի ջրի մակարդակի մշտական բարձրացումը խնդիրն ավելի արդիական է դարձնում։
Բացի այդ, Ասոցիացիայի ղկավարը նշեց, որ Հայաստանում էկոտուրիզմի շատ հեռանակարային տեսակ կարող է դառնալ թռչուններին և վայրի կենդանիներին հետևելը։
«Հայաստանի համար առավել մատչելի է թռչուններին հետևելը, այն կազմակերպելն ավելի հեշտ է, քան վայրի կենդանիներինը, հատկապես եթե հաշվի առնենք երկրի ողջ տարածքում նրանց բազմազանությունը»,- ասաց նա։
Հայաստանում այսօրվա դրությամբ գրանցված է ինչպես երկրում բնադրող, այնպես էլ չվող թռչունների 351 տեսակ։
Սակայն ամենակարևոր խնդիրը Գալյանը համարում է ՀՊԲՏ անձնակազմին տարածքների ճիշտ ծրագրավորման և կառավարման ուսուցումը, որպեսզի զբոսաշրջությունը ամենաքիչ բացասական ազդեցությունն ունենա բնության վրա։
Այդ նպատակով «Էկոտուրիզմ» հայկական ասոցիացիան՝ Նորվեգիայի կառավարության հետ համատեղ էկոտուրիզմի ոլորտի վերաբերյալ սեմինարներ է կազմակերպում Հայաստանի հատուկ պահպանվող բնական տարածքների աշխատակիցների համար։
Գալյանը նշեց, որ ծրագրով նախատեսվում է քննարկումներ կազմակերպել տեղում, այնուհետև սեմինար կկազմակերպվի Դիլիջանում, որից հետո խումբը հինգ օրով կմեկնի Վրաստան՝ Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկ, որի ղեկավարությունը զգալի հաջողությունների է հասել զբոսաշրջության զարգացման ոլորտում։ «Դա մեր աշխատակիցներին թույլ կտա գործնականում տեսնել, թե ինչպես է պետք աշխատել»,- ասաց նա։-0—

