Հայաստանը պետք է օգտագործի ՆԱՏՕ-ի լծակները՝ թուրքական սպառնալիքը չեզոքացնելու համար. Վահան Հովհաննիսյան

30.01.2008, 15:17
Հայաստանը պետք է օգտագործի ՆԱՏՕ-ի լծակները՝ թուրքական սպառնալիքը չեզոքացնելու համար. Վահան Հովհաննիսյան
Հայաստանը պետք է օգտագործի ՆԱՏՕ-ի լծակները՝ թուրքական սպառնալիքը չեզոքացնելու համար. Վահան Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է օգտագործի ՆԱՏՕ-ի լծակները՝ երկրի համար թուրքական սպառնալիքը չեզոքացնելու համար։ Այս մասին «Նովոստի-Արմենիային» հայտարարեց ՀՅԴ խմբակցությունից ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը։

«Հայաստանի աշխատանքը ՆԱՏՕ-ի հետ պետք է ուղղված լինի  պետության համար անվտանգության ապահովման ավելի մեծ մակարդակի հասնելուն՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի լծակները՝ մեր երկրի նկատմամբ թուրքական սպառնալիքները չեզոքացնելու նպատակով»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ Հայաստանում ՆԱՏՕ-ին չեն վերաբերվում որպես «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օրինակին հակադրվող բլոկի»։

«Խնդիրը այն է, որ մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ն ներկայացնում են ոչ թե Հունաստանը, Բելգիան, Ֆրանսիան կամ Նորվեգիան, այլ Թուրքիան, որը մեզ համար բոլոր սպառնալիքների գլխավոր աղբյուրն է»,- ասաց Հովհաննիսյանը։

Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանը, եվրաինտեգրումն ընդունելով որպես արտաքին քաղաքականության հիմնական կուրս, պետք է ընդլայնի իր կապերը արևմտյան դաշնային բլոկների ռազմական բաղկացուցիչների հետ։

Միաժամանակ, նրա խոսքով, ներկայումս Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում դրված չէ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, «ուր նրան չեն էլ հրավիրում»։

«Այժմ հարցը համագործակցության ընդլայնման և խորացման մեջ է, սակայն անվտանգության համակարգը, որում գտնվում ենք մենք և որի առանցքը Ռուսաստանն է, ներկա դրությամբ մեզ բավարարում է, քանի որ այս կամ այն պետության կամ բլոկի հետ միությունը մեզ համար ինքնանպատակ չէ, այլ սեփական անվտանգության ապահովման միջոց»,- ասաց Հովհաննիսյանը։

Միաժամանակ նա նշեց, որ եթե Հայաստանի անվտանգության մարտահրավերները փոխեն ուղեգիծը, «ապա, բնականաբար, դրա արդյունքում որոշ արտաքին քաղաքական ուղենիշներ պետք է վերանայվեն»։--0—