Իրան. Հայաստանի հետ բարեկամություն և լարվածություն՝ Ադրբեջանի նկատմամբ

26.10.2007, 20:32
Իրան. Հայաստանի հետ բարեկամություն և լարվածություն՝ Ադրբեջանի նկատմամբ
Իրան. Հայաստանի հետ բարեկամություն և լարվածություն՝ Ադրբեջանի նկատմամբ

 

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Իրանի հարաբերությունները բավականին լավն են, և իրերի նման դասավորությունը լեգիտիմ է ճանաչվում բոլորի կողմից, ներառյալ՝ Միացյալ նահանգները։ Այս իմաստով Հայաստանը եզակի երկիր է, կամ, ավելի ստույգ, աշխարհում միակ երկիրը, որին ԱՄՆ-ն թույլ է տալիս համագործակցել Իրանի հետ։ Դրա պատճառը հասկանալի է՝ Հայաստանն ուրիշ այլընտրանք չունի, Երևանը պետք է լավ փոխհարաբերություններ պահպանի Իրանի հետ։

Այլ հարց է, որ այդ հարաբերությունները որոշակի մակարդակ ունեն, ու թեև դրանք դրական են, սակայն որոշակի սահման մեզ, այնուամենայնիվ, թույլ չեն տալիս անցնել։ Դա վերաբերում է, օրինակ, Իրան-Հայաստան գազատարի խողովակի տրամաչափին, Իրանի հետ համագործակցությանը՝ մի քանի այլ ոլորտներում։ Այս իրավիճակը կապված է տարածաշրջանում հիմնական խաղացողների, մասնավորապես, Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումների հետ։

Այս իմաստով Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Հայաստան այցի մեջ որևէ արտառոց բան չկար։ Ես արտառոց ոչինչ չեմ տեսնում այն ամենի մեջ, ինչ ասել կամ ստորագրել է Ահմադինեժադը Երևանում։ Դա այն է, ինչ կոչվում է ժամացույցների ճշտում, հարաբերությունների հաստատում և այն բանի վկայությունը, որ հարաբերությունների որևէ կտրուկ փոփոխություն չի լինի։

Ինչ վերաբերում է Իրանում իրավիճակի փոփոխությանը, ինչը կարող է անդրադառնալ այլ երկրների հետ նրա հարաբերությունների վրա, ապա նման բան հնարավոր է, և դա, անշուշտ, կազդի Հայաստանի վրա։ Այստեղ տարբերակներ կան՝ կապված միջուկային ծրագրի, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ակնհայտ սրման, Իրաքի շուրջ դասավորության փոփոխության, ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների, հնարավոր է նաև՝ բուն Իրանում ներքին իրավիճակի հետ, որտեղ, ակնհայտորեն, ինչ-որ բան կատարվում է։

Բայցևայնպես, հայ-իրանական հարաբերություններն այն հարաբերություններն են, որոնք չեն կարող կտրուկ փոխվել այն չափով, որքանով դա կախված է Հայաստանից և Իրանից։ Դրա համար կամ Հայաստանի, կամ Իրանի հետ պետք է ինչ-որ բան տեղի ունենա։ Օրինակ, Ամերիկայի կողմից Իրանի հավանական հրթիռակոծումը կարող է հանգեցնել տարածաշրջանում այդ երկրի դերի փոփոխության։

Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի հետ Իրանն ավելի լարված  հարաբերություններ ունի։ Դրա պատճառը Իրանի ներսում է և պայմանավորված է, այսպես կոչված, Հարավային Ադրբեջանի առկայությամբ։ Դա բնական և դժվար հաղթահարելի պատճառ է, և, հետևաբար, նման դասավորությունը կպահպանվի։ Այդուհանդերձ Իրանը՝ որպես տերություն և իրանական քաղաքական գործիչները, որոնք դիվանագիտության հարուստ փորձ ունեն, դժվար թե կտրուկ քայլեր անեն և բավականին նորմալ հարաբերություններ կպահպանեն Ադրբեջանի հետ։ Բայց, այդուհանդերձ, Ադրբեջանի հանդեպ լարված վերաբերմունքը պայմանավորված է Իրանի կառուցվածքով, այլ ոչ թե այս կամ այն մարդու իշխանության գալով։

Իրանին ձեռնտու է ղարաբաղյան հակամարտության շուրջ ձևավորված ներկա իրավիճակը։ Դա ամենևին չի նշանակում, թե Իրանը խանգարում է կարգավորմանը։ Բայց փոխհարաբերությունների այն դասավորությունը, որն առկա է այսօր, իրանական կողմին միանգամայն ձեռնտու է։

Ինչ վերաբերում է Մոսկվա-Երևան-Թեհրան առանցքի ձևավորմանը, ապա ինձ թվում է, որ հայ քաղաքագետները չափազանցնում են Հայաստանի դերն այդտեղ։ Եթե Մոսկվան հանկարծ որոշի Թեհրանի հետ առանցք ստեղծել, ապա ոչ մի Երևան էլ նրան դրա համար պետք չի լինի։

Սակայն այստեղ պետք է հաշվի առնել այն փաստը, որ Ռուսաստանը մի երկիր է, որը մեծ մասամբ ապրում է Արևմուտքում պահանջարկ ունեցող էներգամթերքի հաշվին։ Հետևաբար, Մոսկվան նայելու է դեպի Արևմուտք՝ միաժամանակ չխզելով հարաբերություններն Իրանի հետ։--0--

Ալեքսանդր Իսկանդարյան, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն. հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար