Փորձագետը կանխատեսել է առողջապահական համակարգի ճգնաժամ և խոսել Հայաստանի տնտեսության խնդիրների մասին (ՎԻԴԵՈ)

27.05.2020, 16:53
Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը կանխատեսել է, որ շուտով Հայաստանի առողջապահական համակարգը կհայտնվի ճգնաժամի մեջ
Փորձագետը կանխատեսել է առողջապահական համակարգի ճգնաժամ և խոսել Հայաստանի տնտեսության խնդիրների մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում կանխատեսել է, որ շուտով Հայաստանի առողջապահական համակարգը կհայտնվի ճգնաժամի մեջ։ Նա նշել է համաճարականաբական ճգնաժամից դուրս գալու հնարավոր տարբերակներն ու խոսել տնտեսության և հանրապետության միջազգային կապերի վրա համավարակի ազդեցության մասին։

Հայաստանում մարտի 16–ից սահմանվեց արտակարգ դրության ռեժիմ, այն երկարաձգվել է երկու անգամ` մինչև հունիսի 13–ը։ Մարտի 24–ից սահմանված ազատ տեղաշարժի և որոշ տնտեսական գործունեությունների սահմանափակումները հանվեցին մայիսի 4–ից, իսկ մայիսի 18–ից սկսեցին աշխատել հասարակական տրանսպորտը, մարզասրահները, մանկապարտեզներն ու հանրային սննդի օբյեկտները։

Հայաստանում մայիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, որոնցից 3255-ն` առողջացած, 98-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 պացիենտ:

«Նովոստի–Արմենիա». ավելի վաղ դուք հայտարարում էիք, որ «Հայստանի առողջապահական համակարգի կոլապսը մեկ շաբաթվա գործ է»։ Ձեր կարծիքով, ի՞նչ է սպասվում Հայաստանին մեկ շաբաթ հետո, կավելանա՞, արդյոք, վարակակիրների թիվը։

Հ. Միքայելյան. պացիենտներին սպասարկելու` առողջապահական համակարգի վերջնակետը կգերազանցվի մեկ շաբաթվա ընթացքում։ Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա ավելի շուտ։ Այդ ժամանակ ինչի՞ հետ ենք գործ ունենալու։ Մի կողմից, կսկսվի դաշտային հոսպիտալների տեղակայումը, ինչպիսին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն է։

Եվ կսկսեն թեստավորվել ավելի քիչ թվով մարդկանց։ Դա տեղի է ունենում արդեն հիմա։ Արդեն հիմա թեստավորման մակարդակը շատ ցածր է։ Նախօրեին կատարված թեստերի 38%–ը եղել է դրական։ Որպեսզի համարենք, որ թեստավորումը քիչ թե շատ ընդգրկում է բնակչության թվաքականը, պետք է հաշվի առնել, որ պետք է լինի 5%–ից ոչ ավել, ցանկալի է ավելի քիչ։ Մեզ մոտ 38% է։

Այսինքն մենք չենք ունենա համարժեք պատկեր, շատ պացիենտներ չեն ստանա բուժում, կտեղադրվեն դաշտային հոսպիտալներ, մենք անգամ չենք կարող հստակ տեղեկատվություն ստանալ մահացածների մասին։

«Նովոստի-Արմենիա».  կարո՞ է արդյոք առողջապահական համակարգը լուծել վարակվածների թվի  հետագա աճի հետ կապված խնդիրը։

Հ. Միքայելյան. ակնհայտ է, որ չի կարող։ Շատ հիվանդներ կմնան տանը, շատերը չեն կարողանա հիվանդանոց դիմել, հիվանդանոցներում տեղ չի լինի, բժիշկները կաշխատեն իրենց առավելագույն հնարավորությունների սահմանում։ Բայց միևնույն է, նրանք չեն կարողանա միաժամանակ նման թվով պացիենտների սպասարկել։ Այդ պատճառով Հայաստանը ստիպված կլինի հույսը դնել դրսի օգնության վրա։  

Չի բացառվում, որ ինչ-որ օգնություն ցուցաբերեն այն երկրները, որոնք արդեն փորձ կամ ավելի շատ ռեսուրսներ ունեն։ Հնարավոր է` դա որոշ առումով մեղմացնի իրավիճակը, բայց ամբողջությամբ փոխհատուցել չի ստացվի, քանի որ հիվանդացության աճը տվյալ պահին, իմ մոդելի համաձայն, չափից շատ է։ Եվ թոքաբորբով և այլ բարդություններով մարդկանց թիվը ինչ-որ պահի կսկսի աճել այնքան արագ (մոտ մեկ շաբաթից), որ համակարգը պարզապես ի վիճակի չի լինի ընդունել նման քանակությամբ հիվանդների՝ նույնիսկ դաշտային հիվանդանոցների առկայության դեպքում։

«Նովոստի-Արմենիա».  ե՞րբ Հայաստանը կհասնի հիվանդացության պիկին։ Այս համաճարակային ճգնաժամից դուրս գալու ի՞նչ տարբերակներ կան։  

Հ. Միքայելյան. ցավոք, ես չեմ կարող գուշակել ապագան, քանի որ իմ մոդելը թույլ չի տալիս նայել մեկ շաբաթից հեռու։ Տարբեր կարծիքներ կան, բայց ամեն դեպքում պիկը դեռ բավական հեռու է։

Ինչ վերաբերում է ճգնաժամից դուրս գալու սցենարներին, այստեղ մի քանի արբերակ կա։ Կարելի է անել դա, ինչպես մի շարք երկրներում. վերադառնալ կարանտինին և պարետային ժամ սահմանել, միաժամանակ ավելացնել թեստերի քանակը, փորձել արգելափակել համաճարակը դրա տարածման ներկայիս փուլում։ Երկրորդ տարբերակն է թույլ տալ, որպեսզի մեծ թվով մարդիկ հիվանդանան։ Բայց այս դեպքում պետք է հասկանալ, որ օգնության կարիք ունեցող շատ մարդիկ, որոնք կարող էին այլ պայմաններում ողջ մնալ, կարող են չստանալ այդ օգնությունը և հետևաբար, չեն կարող ողջ մնալ։ Կան ինչ-որ այլ տարբերակներ, մասնավորապես, եթե սահմանվեն լոկալ կարանտիններ կամ այլ միջոցներ։

Բայց այն միջոցառումները, որոնց վրա ներկա պահին ապավինում են իշխանությունները (դիմակների կրումը)՝ դատելով այն փորձից, որ մենք տեսնում ենք աշխարհում և որն արդեն ունենք, շատ չի կարող օգնել: Առավել ևս, որ որակյալ և մեծ թվով դիմակներ Հայաստանում չկան, այդ պատճառով դրա վրա մեծ հույսեր պետք չէ դնել:

«Նովոստի-Արմենիա».  ինչպե՞ս կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարող է ազդել Հայաստանի տնտեսության վրա: Կօգնի՞ արդյոք կարանտինի մեղմացումն ու տնտեսական գործունեության վերականգնումը երկրի տնտեսությանը:

Հ. Միքայելյան. ես այդպես չեմ կարծում: Կա ուսումնասիրություն, որը հիմնված է 1918թ.-ի համավարակի մասին նյութի վրա, խոսքն այսպես կոչված «իսպանական գրիպի» մասին է, որը ցույց է տալիս, որ այն երկրները, ԱՄՆ այն նահանգները, որտեղ կարանտինն ավելի վաղ էին սահմանում և հաղթահարում էին համաճարակաբանական մարտահրավերները, ավելի շուտ էին դուրս գալիս ճգնաժամից և վերադառնում սովորական տնտեսական ռեժիմի:

Արդյունքում նրանք կրում էին ավելի քիչ վնաս, քան այն երկրներն ու նահանգները, որոնք մինչև վերջ փորձում էին խուսափել այդ միջոցներից: Համավարակն է տնտեսությանը վնասողը, ոչ թե կարանտինը: Սա շատ կարևոր է հասկանալ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա տնտեսությունն, ըստ էության, բացել է մայիսի 4-ից: Եվ ես կասկածում եմ, որ այն վերականգնվել է ինչ-որ ձևով, որովհետև հայկական տնտեսության մեջ պահանջարկի վճարունակությունը ձևավորվում է ապրանքների և ծառայությունների արտահանման հաշվին: Հայաստանում չկան և չեն լինի զբոսաշրջիկներ, քանի դեռ համավարակի հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ չէ: Ապրանքների արտահանումն ու բոլոր լոգիստիկ շղթաները նույնպես խախտվում են:

Աշխարհի պետությունների մեծ մասը չեն բացի սահմանները Հայաստանի հետ մինչև իրավիճակը երկրում չկայունանա: Ինչ-որ երկրներ, իհարկե, կբացեն, դրանք այն երկրներն են, որոնք ընդհանրապես ոչ ոքի հետ սահման չեն փակի: Բայց շատ-շատերը Հայաստանը դիտարկելու են որպես վարակման հավանական աղբյուր, այդ պատճառով մեր երկրի միջազգային կապերը խախտված կլինեն: Եվ արդյունքում Հայաստանն այս ճգնաժամից դուրս կգա ավելի ուշ և ավելի թուլացած:

Հայաստանում հաճախ է խոսվում Վրաստանի օրինակի մասին, և ես կարծում եմ, որ այն լավ օրինակ է: Հիմա Վրաստանը դանդաղ, աստիճանաբար, բայց վերադառնում է նորմալ տնտեսական ռեժիմի շատ երկար և խիստ կարանտինից հետո, ինչի արդյունքում համավարակն այնտեղ կանգ է առել:

Հույս ունենք, որ մեզ մոտ համավարակը կանցնի ինչ-որ բնական ճանապարհով. մարդկանց որոշակի թիվ կհիվանդանա: Բայց բնական ճանապարհով այն լիովին չի դադարի: Ինտենսիվությունը կարող է նվազել, բայց միևնույնն է, դա շարունակվելու է: Այդ պատճառով նորմալ տնտեսական կյանքը նույնպես չի վերականգնվի:–0–