Մոնակոյում կանցկացվեն Հայաստանի օրեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11.07.2018, 13:55
Սեպտեմբերին Մոնակոյում կանցկացվեն Հայաստանի օրեր: Միջոցառման մանրամասներին ծանոթանալու համար զրուցեցինք «Armenian Collection» ծրագրի ղեկավար Վրույր Փենեսյանի հետ։
Մոնակոյում կանցկացվեն Հայաստանի օրեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./Նովոստի–Արմենիա/.  Սեպտեմբերին Մոնակոյում կանցկացվեն Հայաստանի օրեր, ինչի մասին գրում է թե հայկական մամուլը, թե արտասահմանյան պարբերականները: Միջոցառման մանրամասներին ծանոթանալու համար զրուցեցինք «Armenian Collection» ծրագրի ղեկավար Վրույր Փենեսյանի հետ, ով մեզ ներկայացրեց միջոցառման աաքելությունը, հիմնական նպատակները:

«Նովոստի–Արմենիա» . պարոն Փենեսյան, որքան գիտեմ հայկական օրերը Մոնակոյում կկրեն «Armenia Collection 2018, Monte- Carlo» խորագիրը: Սա աննախադեպ միջոցառում է:

Վ. Փենեսյան . այո, աննախադեպ է և՛ Մոնակոյում, և՛ ընդհանրապես, քանի որ շատ մեծ միջոցառում է և շատ բարձր մակարդակի վրա է կազմակերպված: Ասեմ, որ շատ դժվարությամբ է ստացվել՝ երեք անգամ մերժումից հետո թույլտվություն ենք ստացել վարձակալել «Òpera de Montecarlo»-ն:

Ծրագիրն իր մեջ ներառում է մի քանի կոմպոնենտ։ Առաջին օրը՝ սեպտեմբերի 2-ին, «Òpera de Montecarlo»-ում կկազմակերպվի բարեգործական համերգ, որին մասնակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնել համաշխարհային օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և աշխարհի լավագույն դաշնակահարների ցանկում ընդգրկված Նարե Արղամանյանը:

Ինչու է որոշված «Òpera de Montecarlo»-ում, որվհետև այս տարի միջոցառումը նվիրված է Արամ Խաչատրյանի 115-ամյակին։ Արամ Խաչատրյանն առաջին հայն է, ով ջերմ ընդունելիության է արժանացել արքայազն Ռենյե III-ի և Գրեյս Քելլիի կողմից 1973 թվականին, և  նրանց առաջարկով 1974 թվականին Արամ Խաչատրյանի մասնակցությամբ կազմակերպվել է համերգ հենց նույն համերգասրահում: Համերգից առաջ նույն համերգասրահում կկազմակերպվի Արամ Խաչատրյանի՝ համաշխարհային մեծությունների հետ նկարների ցուցադրություն, ինչն է՛լ ավելի կհետաքրքրի մասնակիցներին: 

«Նովոստի–Արմենիա». իսկ ի՞նչ հյուրեր եք սպասում բացի Ձեր կողմից նշած հայտնի մշակութային գործիչներից: Ովքե՞ր են պատրաստակամություն հայտնել մասնակցել միջոցառմանը:

Վ. Փենեսյան . մեր և այս միջոցառման նպատակն է ոչ միայն ներկայացնել մեր մշակույթը և տնտեսությունը Մոնակոյի իշխանություններին, բնակչությանը, այլ նաև մեր սփյուռքին, որպեսզի մարդիկ տարբեր երկներից կարողանան գալ, մասնակցել և կապեր հաստատել միմյանց հետ։

Արդեն ունենք բազմաթիվ հայտեր տարբեր երկրներից,  այդ իսկ պատճառով համերգից հետո կկազմակերպվի գալա-ընթրիք, որը  կկրի նաև ճանաչողական բնույթ, կհաստատվեն կապեր մարդկանց միջև, ինչը, վստահ ենք, դրական ազդեցություն կունենա հետագայում: Ասեմ, որ համերգը կրելու է բարեգործական բնույթ, և միտված է աջակցելու Հայաստանում գործող «Ֆոնդ 100» և «Օգնեմ» հիմնադրամներին:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 3-ին, Մոնակոյում գտնվող լավագույն հյուրանոցներից մեկում՝    «Hôtel Metropole»-ում, կկազմակերպվի հայկական լյուքս դասի ապրանքների ցուցադրություն։ Մենք կներկայացնենք այն լավագույնը, ինչ ունենք Հայաստանում: Առաջնայինը կկազմակերպվի «Արարատ» լեգենդար հայկական կոնյակի մի քանի տեսակների համտես: Այդ իսկ պատճառով հրավիրել ենք միջազգային ճանաչում ունեցող սոմելյեների, մասնակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնել տարբեր տարածաշրջանների սոմելյեների միությունների նախագահներ: Այս ամենը կազմակերպվում է, որպեսզի այս միջոցառումը ոչ միայն լինի ճանաչողկան, այլև գործնական, որպեսզի միջոցառումն այցելող մարդիկ, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչներ,  հնարավորություն ունենան ծանոթանալու որակական ցուցանիշներին։ Մեր նպատակն է ստեղծել հնարավորություն, որպեսզի հայկական գինին ու կոնյակը վաճառվի և՛ Մոնակոյում, և՛ տարածաշրջանում:

«Նովոստի–Արմենիա» . այսինքն՝ այս միջոցառումների ցանկն ուղղված է լինելու՞ ոչ միայն մշակութային կապերի զարգացմանը, այլ նաև գործնական կապերի հաստատմանը, և ոչ միայն   Հայաստանի և օտարերկրյա ներդրողների, այլ նա մեր սփյուռքի ներկայացուցիրների միջև կապերի ավելի ամրապնդմանը:

Վ. Փենեսյան . այո՛, և քանի որ միջոցառումը նախատեսված էր անցկացնել հունիսի 3-ին և 4-ին,  բայց երկրի ներքաղաքական իրավիճակից ելնելով` մենք տեղափոխեցինք սեպտեմբերի 2–ին և 3–ին, ի սկզբանե նաև պայմանավորվածություն էր ձեռք բերվել «Monaco Economic Board»-ի ղեկավարության հետ, որպեսզի այդ օրը՝ հունիսի 3-ին, կազմակերպվի Հայաստան-Մոնակո բիզնես-համաժողով` Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միության գործարարների մասնակցությամբ, բայց քանի որ օրը փոխվել է, մենք դեռևս ճշտում ենք՝ ինչպես կազմակերպել հանդիպում Հայաստանի և Մոնակոյի գործարարների միջև:

Երկրորդ օրը, առաջին մասում, ինչպես նշեցի, լինելու է սոմելյեների մասնակցությամբ համտես, երկրորդ հատվածում կկազմակերպվի լյուքս դասի ապրանքների, ինչպես նաև մշակութային ստեղծագործությունների ցուցադրություն,  նախատեսել ենք նաև մի շարք այլ միջոցառումներ: Երեկոյան նախատեսել ենք հայ դիզայներների աշխատանքների ցուցադրություն, որին ներկա կլինեն նաև «Monte-Carlo Fashion Week»-ի ղեկավարության ներկայացուցիչները։ Նրանց խոսքով, լավ աշխատանքների հեղինակներին հնարավորություն կընձեռվի ընդգրկվել «Monte-Carlo Fashion Week 2019»  միջոցառման շրջանակում:

«Նովոստի–Արմենիա» . մի կարևոր հարց ևս: Սա լինելու է եզակի՞ միջոցառում, թե՞ Դուք նախատեսում եք այն դարձնել ամենամյա, և դա կլինի այն կարևոր բաղադրիչներից մեկը, որի շնորհիվ Հայաստանը ճանաչելի կդառնա աշխարհում և սփյուռքում։ 

Վ. Փենեսյան. ի սզբանե նպատակն է հայկական ապրանքների, արտադրանքի ճանաչողության բարձրացումը, տնտեսական կապերի ստեղծումը, մշակութային կապերի ամրապնդումը:  Ասեմ Ձեզ, որ անցած ամիս հյուրընկալվեցի Մոնակոյի   արքեպիսկոպոս Բեռնարդ Բարսիի կողմից, ում սիրով նվիրաբերեցի հայկական գորգ-խաչքար, որը կրկնօրինակված է Գոշավանքում գտնվող 12-րդ դարի խաչքարից, այն իր ուրույն տեղը կգտնի Մոնակոյի նորակառույց մատուռում: Սա առաջին դեպքն է, երբ հայկական խաչքարը կներկայացվի Մոնակոյում։ Այս ամենը լավ հիմք է հայկական համայնքի համար հայկական եկեղեցու հետ կապերն ամրապնդելու գործում: Միանշանակ նպատակ կա, որ միջոցառումը կրի ամենամյա բնույթ, և այսօրվանից ես արդեն ծրագրել եմ նաև մյուս տարվա օրակարգը, սակայն աշխատանքները կսկսվեն միայն այս տարվա սեպտեմբերի միջոցառումն ավարտելուց հետո:–0–