Ողբերգական վթար՝ Գեղարքունիքում. ջրափրկարարները գետից դուրս են բերել վարորդի դին
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ինչպես հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը, հուլիսի 19-ին՝ ժամը 06։19-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան մայրուղում՝ ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է գետը։
Ըստ ՓԾ հաղորդագրության, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը։
Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը։
Ջրափրկարարները գետից դուրս են բերել վարորդի դին, այնուհետև մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
Հատուկ տեխնիկայի՝ ավտոկռունկի միջոցով «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել գետից։

