Ողբերգական վրաերթ՝ Երևան–Սևան ճանապարհին․ 37–ամյա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ ապրիլի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 61 կմ հատվածում՝ վերգետնյա անցնման հարևանությամբ, Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Վ․ Թ․-ն իր վարած «Datsun» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապ օգնության, այնուհետև ոստիկանություն։ Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։