Ողբերգական դեպք՝ Լոռիում. 63-ամյա տղամարդը նախնական տեղեկություններով մահացել է ցլիկի պոզահարման հետևանքով
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Փամբակ խոշորացված համայնքի Ձորագյուղ բնակավայրի «Ձոր» կոչվող հանդամասում ՀՀ ՆԳՆ ոստիկանները հայտնաբերել են Լոռու մարզի 63-ամյա բնակչի դին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փամբակ խոշորացված համայնքի Ձորագյուղ բնակավայրի «Ձոր» կոչվող հանդամասում դի կա։
Կայքի տեղեկացմամբ, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը, ՀՀ ՆԳ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկները։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչության ծառայողները և տեղում պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Նշված հանդամասում հայտնաբերվել է Լոռու մարզի բնակիչ, 63-ամյա Մերուժան Հ.-ի դին։
Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դիակի վրա հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր։
Դեպքի մասին ոստիկանության Գուգարքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես տեղեկացնում է կայքը, ըստ նախնական տեղեկությունների, իրավապահները պարզել են, որ մահացածը նշված վնասվածքները ստացել է համագյուղացի 68-ամյա Ալեքսանդր Սիմոնյանին պատկանող ցուլիկի կողմից։
Քրեական և համայնքային ոստիկանները վերջինիս անասնագոմում հայտնաբերել են «Զազո» անունով ցուլին, որի պոզերի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։

