Լոռիում բանկից փորձել են գողանալ շուրջ 400մլն դրամ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

29.08.2025, 12:24
Քաղաքացին մոտեցել է բանկի դրամարկղին, վերցրել 80 մլն ռուբլով լցված պարկը և վազելով դուրս եկել բանկից, այնուհետև արցունքաբեր գազ է կիրառել
Լոռիում բանկից փորձել են գողանալ շուրջ 400մլն դրամ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Լոռու մարզում բանկից փորձել են հափշտակել 392 մլն 912 հազար դրամ, հաղորդում է Քննչական կոմիտեն։

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ․Մ․-ն 2025 թվականի հուլիսի 15-ին մտել է բանկի տարածքում գտնվող քաղաքացիների սպասարկման դրամարկղ և վերցնելով գետնին դրված, ինկասացման ենթակա առանձնապես խոշոր չափերով` 392 մլն 912 հզր ՀՀ դրամին համարժեք 80 մլն ՌԴ ռուբլով լցված, կապարակնքված պարկը, վազելով դուրս է եկել բանկի շենքից և շարժվել դիմացի մայթին կայանված ավտոմեքենայի ուղղությամբ։

Այնուհետև, երկու անձ հետապնդել և ավտոմեքենայի մոտ բռնել են Վ․Մ․-ին, ով հափշտակված գումարն իր մոտ պահելու համար արցունքաբեր գազ կիրառելու եղանակով դիտավորյալ ֆիզիկական բռնություն է գործադրել վերջիններիս նկատմամբ, սակայն հանդիպելով դիմադրության, թողել է գումարով պարկն ու դիմել փախուստի։

Վ․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (ավազակության փորձը)։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը։ Ք

րեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրնսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ավելի օպերատիվ լուրերին հետևեք մեր Տելեգրամում