Մահացել է հայ թատրոնի նշանավոր դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Վախճանվել է հայ թատրոնի նշանավոր դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը, տեղեկացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը:
«Կյանքից հեռացել է ծիծաղի թագուհին, ով ավելի քան 60 տարի ուրախություն էր նվիրում մարդկանց, ստեղծում այնպիսի բեմական կերպարներ, որոնք ընդմիշտ կմնան մեր բեմարվեստի պատմության մեջ»,– ասաց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։
Սվետլանա Գրիգորյանը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում։ 1949 թվականին հրավիրվել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, որտեղ սեփական տաղանդի և գրավչության շնորհիվ միանգամից կարողացել է նվաճել հանդիսատեսի սրտերը։
Ավելի քան 60–ամյա թատերական գործունեության ընթացքում Գրիգորյանն ավելի քան 150 դեր է խաղացել, այդ թվում` այնպիսի ներկայացումներում, ինչպես «Բայադերա», «Վենետիկյան երկվորյակներ», «Պարուսույցը», «Ատամնաբույժն արևելյան» և «Ռոզ Մարի»։ Դերասանուհին գլխավորապես սիրվել է հանդիսատեսի կողմից «Տաքսի–տաքսի» և «Իմ զոքանչը» ներկայացումների իր դերերի շնորհիվ։ Նկարահանվել է «Մեզնից երեքը» (1987) կինոալմանախում, ինչպես նաև` «Սիրան» (Կրակ) (1963) ֆիլմում։
Երևանի պատվավոր քաղաքացի է։ Արժանացել է բազմաթիվ պարգևների և շքանշանների՝ «Մովսես Խորենացի», Սուրբ Էջմիածնի կողմից՝ «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ»։ 2009թ.-ին Լոս Անջելեսում հանդիսավորությամբ նրան է հանձնվել «Ծիծաղի թագուհի» տիտղոսը։ 2011թ.–ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։-0-

