Հրազդան գետն ընկած 14–ամյա աղջկա որոնողական աշխատանքները շարունակվում են․ ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Այս պահին որևէ տեղեկություն չկա ապրիլի 27–ին Հրազդան գետն ընկած 14–ամյա աղջկա մասին, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղարի տեղակալ Մարտուն Սիմոնյանը։
«Երեքշաբթի առավոտյան 5–ին փրկարարական օպերացիան վերսկսվել է, տեղում աշխատում է շուրջ 100 հրշեջ–փրկարար», –նշեց Սիմոնյանը։
Ավելի վաղ Սիմոնյանը տեղեկացրել է, որ ապրիլի 27–ին ժամը 18։30–18։40–ի սահմաններում 911 ծառայություն է զանգել քաղաքացի և հայտնել, որ Մանկական երկաթուղուց ոչ հեռու աղջիկ երեխայի ոտքը սայթաքել է, և նա ընկել է Հրազդան գետը։ Հրազդանի կիրճում իրականացվում է որոնողական օպերացիա, որին մասնակցում է ավելի քան 70 փրկարար, ինչպես նաև ոստիկաններ։
Նա նաև հայտնեց, որ ունեցած տեղեկատվության համաձայն, աղջիկը ծնվել է 2011թ․–ին։ Սիմոնյանը ձեռնպահ մնաց մեկնաբանել տեղեկություններն այն մասին, որ աղջիկն օտարերկրացի է։