Ավտովթար–վրաերթ՝ Երևանում․ բախվել են KIA–ն ու Lexus–ը, վերջինս վրաերթի է ենթարկել հետիոտնին

25.04.2025, 10:42
Երևանում Lexus–ը վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված մայթում կանգնած հետիոտնին
Ավտովթար–վրաերթ՝ Երևանում․ բախվել են KIA–ն ու Lexus–ը, վերջինս վրաերթի է ենթարկել հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 24-ին, ժամը 18։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 15/1 հասցեի մոտակայքում բախվել են «Lexus» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «Lexus» մակնիշի ավտոմեքենան բախվել է լուսացույցին, որը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։

ՃՏՊ-ի հետևանքով վրաերթի է ենթարկվել քաղաքացի․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները լուսացույցը հեռացրել են երթևեկելի հատվածից, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, Lexus–ը վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված մայթում կանգնած հետիոտնին, ապա կոտրել խաչմերուկը կարգավորող՝ հետիոտների համար տեղադրված լուսակիրը և դուրս եկել երթևեկելի գոտուց։