Իրկուտսկի շրջանում ժանտախտի թոքային ձևի կասկածով մահվան դեպք է գրանցվել. հոսպիտալացվել է շուրջ 200 մարդ

05.10.2026, 16:00
Հոկտեմբերի 2-ին ՌԴ Իրկուտսկի շրջանում գրանցվել է մահվան դեպք՝ ժանտախտի թոքային ձևի կասկած ախտորոշմամբ
Իրկուտսկի շրջանում ժանտախտի թոքային ձևի կասկածով մահվան դեպք է գրանցվել. հոսպիտալացվել է շուրջ 200 մարդ

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հոկտեմբերի 2-ին ՌԴ Իրկուտսկի շրջանում գրանցվել է մահվան դեպք՝ ժանտախտի թոքային ձևի կասկած ախտորոշմամբ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը, մահացածը տեղի բնակչուհի է, որը զբաղվել է մասնագիտական գործունեությամբ և ՌԴ Ռոսպոտրեբնադզորի հակաժանտախտային ծառայության աշխատակից է։

Ինչպես հաղորդվում է, վարակվածի հետ սերտ շփում ունեցած շուրջ 200 մարդ անհապաղ մեկուսացվել և հոսպիտալացվել է հնարավոր վտանգը կանխելու նպատակով։

Վարակման նախնական վարկածը

Ընդունված նախնական վարկածի համաձայն՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում՝ անվտանգության կանոնների խախտման հետևանքով, երբ կոտրվել է ժանտախտի հարուցիչ պարունակող սրվակը։

«Մահվան վերջնական պատճառը դեռևս պաշտոնապես հաստատված չէ, համապատասխան լաբորատոր հետազոտություններն ու փորձաքննություններն ընթացքի մեջ են»,-նշվում է ՀՎԿԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։