Պետական սահմանի ապօրինի հատում և հրազենի մաքսանենգություն․ նոր հոդվածներ՝ ՀՀ-ում ադրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպի գործով
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ։
Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել են Հայաստանի Գլխավոր դատախազությունից։
Դատախազությունը նախօրեին տեղեկացրել էր, որ 2026 թ.-ի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը) և 207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը):
«Նույն դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը) և 340-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի մաքսանենգություն)»,-հայտնել են Գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ նախաձեռնված այս վարույթը միացվել է մայր վարույթին:
Սյունիքում միջադեպի մասին
Ավելի վաղ, ՀՀ ԱԱԾ–ն հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ կրակողը ադրբեջանցի զինծառայող է, որը ձերբակալվել է։
ՀՀ դատախազությունն էլ հայտնել է, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Շաքիի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո կրակոցներ արձակել։ Դրա հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն։ Մուսաևը դիմել է փախուստի, սակայն նույն օրը՝ ժամը 15։30-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է։
ՀՀ դատախազությունից էլ հայտնել են, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:17-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ իրենց տուն մարդ է մտել, զենքով կրակել է մայրիկի ոտքին:
Ահազանգը փոխանցվել է ոստիկանության Սիսիանի բաժին:
Դատախազությունից հայտնել են նաև, որ վիրավորված քաղաքացու երկու երեխաները՝ 2011 և 2014 թվականներին ծնված, մարմնական վնասվածքներով դիմել են Սիսիանի բժշկական կենտրոն։ 2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, (Մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է հղիության ընդհատում) , 335-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը ), և 207-րդ հոդվածի 1-ին մասով (Մարդու կամքին հակառակ կամ կամքն անտեսելով նրա բնակարան ապօրինի մուտք գործելը):
Դեպքի վայրի զննությամբ վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կարդացեք նաև. Նախարարը մանրամասներ է հայտնել Սյունիքում ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած կնոջ առողջական վիճակի մասին

