Նախարարը մանրամասներ է հայտնել Սյունիքում ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած կնոջ առողջական վիճակի մասին
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին ՀՀ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու կողմից վիրավորված կնոջ առողջական վիճակը կայուն է, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Երեկվա դեպքից տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք: Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն», - գրել է Ավանեսյանը Facebook-յան իր էջում:
Նախարարը հորդորել է հարգել բուժառուի և նրա ընտանիքի անձնական սահմանները և չխախտել նրանց անձնական տարածքը:
Նա նաև հավատացրել է, որ բժշկական անձնակազմը արել և անում է առավելագույնը:
Սյունիքում միջադեպի մասին
Ավելի վաղ, ՀՀ ԱԱԾ–ն հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ կրակողը ադրբեջանցի զինծառայող է, որը ձերբակալվել է։
ՀՀ դատախազությունն էլ հայտնել է, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Շաքիի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո կրակոցներ արձակել։ Դրա հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն։ Մուսաևը դիմել է փախուստի, սակայն նույն օրը՝ ժամը 15։30-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է։
ՀՀ դատախազությունից էլ հայտնել են, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:17-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ իրենց տուն մարդ է մտել, զենքով կրակել է մայրիկի ոտքին:
Ահազանգը փոխանցվել է ոստիկանության Սիսիանի բաժին:
Դատախազությունից հայտնել են նաև, որ վիրավորված քաղաքացու երկու երեխաները՝ 2011 և 2014 թվականներին ծնված, մարմնական վնասվածքներով դիմել են Սիսիանի բժշկական կենտրոն։ 2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, (Մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է հղիության ընդհատում) , 335-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը ), և 207-րդ հոդվածի 1-ին մասով(Մարդու կամքին հակառակ կամ կամքն անտեսելով նրա բնակարան ապօրինի մուտք գործելը):
Դեպքի վայրի զննությամբ վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

