«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալն ինքնավնասում է կատարել. ԶԼՄ-ները հայտնում են պատճառը

18.02.2020, 11:55
«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալն ինքնավնասում է կատարել. ԶԼՄ-ները հայտնում են պատճառը
«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալն ինքնավնասում է կատարել. ԶԼՄ-ները հայտնում են պատճառը

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Արտառոց դեպք է տեղի ունեցել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից Արմեն Հայրապետյանի սենյակում խառնաշփոթ է եղել:

 Օրաթերթի տեղեկացմամբ, դատապարտյալի խուց են շտապել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչներ. խուցը եղել է տակնուվրա արված, և դեռ ավելին՝ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները գետնի վրա հայտնաբերել են արնանման հետքեր:

«Դատապարտյալ Արմեն Հայրապետյանը պահանջ է ներկայացրել իրեն այլ մասնաշենք տեղափոխելու համար: Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից նրան բացատրվել է, որ իր պահանջը պետք է գրավոր ներկայացնի, սակայն Ա. Հայրապետյանը հրաժարվել է դիմում գրելուց և կատարել է ինքնավնասում՝ պնդելով իր պահանջը»,- հայտնել է Ժողովուրդ» օրաթերթին Քրեակատարողական ծառայության լրատվական բաժինը:

«ՔԿ ծառայությունը հաստատեց մեր տեղեկությունը, որ դատապարտյալ Հայրապետյանի հետ խնդիր է եղել, որի հիմնական պատճառը եղել է իրեն այլ մասնաշենք տեղափոխելու հարցը»,- նշվում է օրաթերթում:

 Հիշեցնենք, որ 2009 թվականին Արմեն Հայրապետյանը ազատազրկման է դատապարտվել 13 տարի ժամկետով, և շուրջ 11 տարի է, ինչ իր պատիժն է կրում քրեակատարողական հիմնարկում: Վերջինս 13 տարվա ազատազրկման է դատապարտվել այն բանի համար, որ բռնությամբ, զենքի գործադրման սպառնալիքով, իր ավտոմեքենայով առևանգել է Աստղաձոր գյուղի բնակչուհի անչափահաս Նելլի Կնյազյանին և, նրա կամքին համառակ, նրան տարել է Մարտունի-Վարդենիս ճանապարհի առափնյա անտառը, որտեղ, նրա կամքին հակառակ, բռնության գործադրմամբ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:-0-