ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 19:17-ին ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց 43 շենքի 1-ին հարկի բնակարանում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կայքի հաղորդմամբ, մինչ հրշեջների դեպքի վայր ժամանելն, օպերատիվորեն ժամանել է Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը՝ վարորդ Կարեն Գրիգորյանի և շտապօգնության բժիշկ Տիգրան Աղաբեկյանը, ովքեր էլ անմիջապես պատշգամբից մտել են այրվող բնակարանն ու սենյակից պատշգամբ տեղափոխել այրվածքներ ստացած ու ծխահարված տան տիրոջը, այնուհետ փրկարարների հետ համատեղ մոտեցրել շտապօգնության մեքենային ու տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը, ապա մարել այն:
Աղբյուրի հաղորդմամբ, կրակն այնքան ուժեղ է եղել, որ ծուխը տարածվել է շենքի բոլոր հարկերում, ինչի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, փրկարարները 5-րդ հարկից ևս մեկ երեխա են իջեցրել ու քաղաքացիների ուժերով տեղափոխել հիվանդանոց:–0–