Մերձավանում կրակոցների հետևանքով սպանված երիտասարդի ծննդյան օրն էր․ համայնքում վենդետաների վախ կա

05.02.2025, 15:54
Ավելի վաղ հայտնել էինք, որ զինված հարձակում է տեղի ունեցել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավաի տան ուղղությամբ
Մերձավանում կրակոցների հետևանքով սպանված երիտասարդի ծննդյան օրն էր․ համայնքում վենդետաների վախ կա

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մերձավան բնակավայրում կրակոցների հետևանքով սպանվել է Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին, որի ծննդյան օրն է եղել, հաղորդում է «Փաստինֆո»–ն։

Համայնքի բնակիչների շրջանում կասկածներ կան, որ վեճը կարող է ծագած լինել՝ «թայֆայական» հարցերի շուրջ՝ նախկին գյուղապետի «թևի» հետ տևական թշնամանքով պայմանավորված, այդ հողի վրա մշտապես վեճեր են եղել։ Համայնքում վախ ու սարսափի մթնոլորտ է՝ հետագա վենդետաների կանխատեսումներով։ 

Հիշեցնենք, որ գիշերը Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են եղել, ըստ ՀԺ-ի՝ վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել։ 

Կրակոցների հետևանքով սպանվել է Ախտոյանի հորաքրոջ որդին, մեկ անձ, որը եղել է Ախտոյանների ընկերը, վիրավորում է ստացել։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նրանք փորձել էին միջամտել, որ զինված անձինք չկարողանան մուտք գործել տուն։

ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), 335-րդ հոդվածով (ապօրինի հրազեն պահելու) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանության):