Խոշոր հրդեհ՝ Ստեփանավանի շենքերից մեկում․ 27 բնակիչ տարհանվել է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․Փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ՝ որպես ջրատար։
Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին։ Կանխվել է հրդեհի տարածումը․ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։